Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, ներկայացնելով իրենց 2010 թ. զեկույցը, անդրադարձավ նաև բանակում տեղի ունեցող խոշտանգումներին և տեղեկացրեց, որ վերջերս ԼՂ զորամասերից մեկում սպանված Գևորգ Կոտինյանի գործը իրենց անմիջական վերահսկողության տակ է:
Դանիելյանը նկատեց, որ բանակում տեղի ունեցող սպանությունների պարագայում հիմնականում ներկայացվում է, թե իբր զինվորը սպանվել է ադրբեջանցիների կողմից, ինքնասպանություն է գործել կամ էլ հիվանդ է եղել:
«Զինվորին բերում են դիահերձարան ու ասում, թե սրտի անբավարարությունից է մահացել, այն դեպքում, երբ ամբողջ մարմինը կապտուկներով է պատված: Գևորգ Կոտինյանի դեպքում նույնիսկ դատաբժշկական փորձագետներն են նշում, թե ծեծն այնքան դաժան է եղել, որ սիրտը չի դիմացել»,- ասաց Դանիելյանը:
Նա նշեց, թե իրենք դեմ են, որ ՀՀ քաղաքացին ծառայի ԼՂ բանակում և պատրաստ են հանդես գալ այդ առաջարկությամբ: Դանիելյանը նաև նկատեց, որ ինքը պրոֆեսիոնալ բանակի կողմնակից է:









































