Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին արդարացնելուց և հերոսի կոչում տալուց հետո Ադրբեջանի ղեկավարությունը տարբեր արդարացումներ է փնտրում: Արդարացումներից մեկն էլ Ռամիլ Սաֆարովին և ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) մարտիկ Վարուժան Կարապետյանին համեմատելն է, ինչի մասին Ադրբեջանի նախագահից զատ, ադրբեջանամերձ եվրոպացի որոշ գործիչներ նույնպես սկսել են բարձրաձայնել:
Ինչպես հայտնի է, ազգությամբ հայ, Լիբանանի քաղաքացի Վարուժան Կարապետյանը 1985թ. Ֆրանսիայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 1983թ. Օռլի օդանավակայանում պայթուցիկ տեղադրելու համար, ինչի արդյունքում 8 մարդ էր մահացել: Մոտ 18 տարի ֆրանսիական բանտերից մեկում կրելով իր պատիժը՝ Կարապետյանը ֆրանսիական կողմի որոշմամբ ներման էր արժանացել ապա ազատ արձակվել և 2001թ. տեղափոխվել Հայաստան: Նրան ազատ արձակելու պատճառներից մեկն էլ Վ. Կարապետյանի առողջական լուրջ խնդիրներն էին: Հայաստանում, թեև նրան օդանավակայանում մեծ շուքով էր դիմավորել երկրի ղեկավարությունը, բայց նրան իր կատարած արարքի համար հերոսի կոչում չտրվեց, այն դեպքում, երբ Ադրբեջանը հերոսացնում է քնած սպային կացնահարած ոճրագործին:
Անտեսելով ոչ վաղ անցյալում տեղի ունեցած այս իրադարձության իրական մանրամասները` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին օրերին ամեն հարմար առիթի «ջրի երես» է հանում Վարուժան Կարապետյանի դեպքն ու այն համեմատում Ռամիլ Սաֆարովի դեպքի հետ: Առաջին անգամ նա այս մասին խոսեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ Բաքվում տված համատեղ մամլո ասուլիսում` նշելով, որ 18 տարվա ազատազրկումից հետո Վարուժան Կարապետյանին ազատ են արձակել, տեղափոխել Հայաստան, ներում շնորհել և հերոսացրել: Նա հիշեցրել էր նաև, որ Կարապետյանն արտահանձնման շրջանում ՀՀ քաղաքացիություն չուներ: Միայն թե Ալիևը մոռացել էր հիշեցնել, որ Վ. Կարապետյանին ոչ թե ՀՀ իշխանություններն են ներում շնորհել, այլ Ֆրանսիայի, և այդ պարագայում ՀՀ իշխանությունները նրան անազատության մեջ պահելու պատճառ չունեին: ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ սեպտեմբերի 12-ին Գաբալա քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ևս Ալիևը առիթը բաց չի թողել և դեսպաններին «իրազեկել» է, թե ՀՀ այն ժամանակվա նախագահը ներում է շնորհել «Կարապետյան ազգանունով հայ ահաբեկչի»:
Նշենք, որ Ալիևից զատ, որոշ եվրոպացի գործիչներ նույնպես Ռ. Սաֆարովի արտահանձնման ֆոնին հիշատակում են Կարապետյանի դեպքը: Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի փորձագետ Ամանդա Փոլը «Առաջին լրատվկան»-ի հետ զրույցում նույնպես նշել էր, որ Հունգարիան ԵՄ անդամ առաջին պետությունը չէ, որ կիրառել էր էքստրադիցիա: Նա հիշեցրել էր, որ 2001թ. Վարուժան Կարապետյանին Ֆրանսիան արտահանձնեց Հայաստան, որտեղ անմիջապես այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրան ներման արժանացրեց:
Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը «Առաջին լրատվական»-ին ասաց, որ թեև դատապարտելի է Վարուժան Կարապետյանի արարքը և այն, որ ՀՀ իշխանությունները նրան Երևանում մեծ խանդավառությամբ դիմավորեցին, բայց չպետք է համեմատել Կարապետյանի և Սաֆարովի դեպքերը: «Վարուժան Կարապետյանի գործը տարբերվում է Ռամիլ Սաֆարովի գործից: Կարապետյանը շատ հիվանդ էր, իսկ Սաֆարովը՝ առողջ: Վարուժան Կարապետյանն իր պատիժը կրեց 1983-2001 թվականներին՝ մոտ 18 տարի և ֆրանսիական կառավարության որոշմամբ ազատ արձակվեց: ՀՀ իշխանությունները դիմում չէին ուղարկել Ֆրանսիա, որ նրան արտահանձնեին Հայաստան»,- ասաց Կայծ Մինասյանը: Երբ Ֆրանսիայի իշխանություններն ազատ արձակեցին Վարուժան Կարապետյանին, ՀՀ իշխանությունները պատճառ չունեին նրան անազատության մեջ պահելու:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են նաև եվրոպացի մասնագետներն այս փուլում հայկական կողմին հիշեցնում Վարուժան Կարապետյանի դեպքը, քաղաքագետը պատասխանեց. «Որովհետև եվրոպացիները ուզում են հավասարակշռություն պահել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որովհետև շահեր ունեն երկու երկրներից էլ»: Ըստ Կայծ Մինասյանի, սակայն, ճիշտ մոտեցում չէ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ համեմատելը:










































