Աշխարհի առաջնության ընտրական փուլի 2-րդ տուրի Բուլղարիա – Հայաստան (1:0) ֆուտբոլային հանդիպումն աննախադեպ էր ոչ միայն խաղի լարվածությամբ, այլև Բուլղարիայի հավաքականի երկրպագուների անպատշաճ վարքագծով: Այս հավաքականի երկրպագուներն աչքի ընկան իրենց խիստ խտրական պահվածքով. ֆուտբոլային հանդիպման ավարտին ռասիստական դրսևորումներ ցուցաբերեցին՝ հայերին անվանելով «ցիգաններ, ցիգաններ»:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բուլղարահայ փաստաբան Մերուժան Վարդանյանն ասաց, որ Բուլղարիայում խտրականություն չկա հայերի նկատմամբ, հայերն այնտեղ հարգված են, հաճախ ավելի զարգացած, քան բուլղարացիները: Ըստ նրա՝ կան բացառություններ, եթե մեկը լինի չափից ավելի խմած, հարբած կամ շատ ցածր մակարդակի, հնարավոր են նման դեպքեր, բայց, ընդհանուր առմամբ, խտրականություն չկա:
«Հնում նման բան եղել է, բայց այսօր այդպիսի բան չկա: Այսօր նրանք չեն կարող հային «ցիգան» անվանել: Բուլղարիայում շատ հարցերում հայերը գերազանցում են բուլղարացիներին: Բուլղարիան Հունգարիա չէ: Բուլղարիայում հայերին շատ լավ են վերաբերվում, կա հարգալից վերաբերմունք»,- ասաց Մերուժան Վարդանյանը:
Նա դատապարտեց տեղի ունեցածն ու ասաց, որ դա բուլղարացիների վերաբերմունքի չափանիշ չի կարող համարվել: «Դա մեզ համար նշանակություն չունի»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ միջադեպի առնչությամբ նաև ՀՖՖ-ն է բողոք ներկայացրել ՈւԵՖԱ՝ պահանջելով համապատասխան գնահատական տալ կատարվածին:







































