Ըստ տրամաբանության՝ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն խորհրդարանում պետք է հայտնվեր Թևան Պողոսյանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված (9-րդ համար) անկուսակցական, բլոգեր Իզաբելլա Աբգարյանը:
Հարցին` ինչպե՞ս է վերաբերվում «Ժառանգություն» կուսակցության այն որոշմանը, որ ԱԺ-ում Րաֆֆի Հովհաննիսյանին կփոխարինիԹևան Պողոսյանը, պատասխանեց, որ որոշումը շատ օրինաչափ է, քանի որ Թևան Պողոսյանը կուսակցության նախընտրական ցուցակում 6-րդ համարն էր, և հենց նա պետք է անցներ՝ ըստ տրամաբանության:
Պարզաբանելով՝ նա նշեց, որ գոյություն ունի սկզբունք, համաձայն որի` պատգամավորի հրաժարականի դեպքում խորհրդարան է անցնում ցուցակում ներկայացված հաջորդ համարը:
«Այլ հարց է, եթե ընտրեին այլ թեկնածուի. դա ավելի հետաքրքիր կլիներ, և մենք կկարողանայինք մեկնաբանել, թե ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ հենց նրա վրա»,- նկատեց Իզաբելլա Աբգարյանը:
Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանի թեկնածության շուրջ ծավալվող խոսակցություններին՝ նա ասաց, որ Ստեփան Սաֆարյանը կառաջադրվի թիվ 1 ընտրատարածքում: «Կարծում եմ` նա կհայտնվի խորհրդարանում, քանի որ հաղթելու հավանականությունը 90% է»,- նման կարծիք հայտնեց բլոգեր Իզաբելլա Աբգարյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը համապատասխան դիմում ներկայացրեց` ԱԺ իր մանդատը վայր դնելու նպատակով: Իսկ այսօր հայտնի է, որ խորհրդարանում նրան կփոխարինի կուսակցության համամասնական ցուցակի 6-րդ համարում գտնվող Թևան Պողոսյանը:







































