«Կալանավորները չեն խոսում կալանավայրերում բռնություններից, որովհետև դա ներքին դրվածք է իրենց մեջ և չի կարելի: Իրականում մեզ համար բռնության դեպքերը բացահայտելը շատ դժվար է, անհայտ են մնում ներքին միջանձնային խնդիրները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը:
Ըստ նրա՝ այստեղ ամենամեծ խնդիրը խորհրդային շրջանից մնացած հիերարխիան է, որտեղ ամեն խցում կա հսկող, տեր ու տիրական. «Համապատասխան մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն, որ բանտերում գողական միջավայրը վերանա: Սա կապված չէ օրենքի փոփոխությունների հետ, ուղղակի ջանք պիտի թափել այս ուղղությամբ»:
Մեկ այլ խնդիր է քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածությունը. «Իր բնակեցման թվով առաջին տեղում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն է, մի խցում դեռևս շարունակում են պահել մինչև 20 հոգի, որովհետև այլընտրանք չկա: Անձին դատում, ուղարկում են պատիժը կրելու, սա համակարգային խնդիր է»:
Նրա խոսքերով՝ այս տեսակետից լավ է, որ Արմավիրում քրեակատարողական նոր հիմնարկ է կառուցվում. «Քրեակատարողական նոր հիմնարկներ կառուցելը ճիշտ է, բայց ավելի արդյունավետ եմ համարում ոչ ծանր հանցագործների հանդեպ այլընտրանքային պատժի կիրառումը»:
Ինչ վերաբերում է ցմահ դատապարտյալներին, Ռոբերտ Ռևազյանն ասաց, որ օրենքի համաձայն՝ իրենք զբոսանքի իրավունք ունեն: Բանտի վերին հարկի տանիքը բաց է, օրը մեկ ժամ կարողանում են այնտեղ զբոսնել:









































