Nasdaq բորսայում Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի գինը բարձրացել է 7,7 տոկոսով` այն բանից հետո, երբ Apple ընկերությունը ներկայացրեց նոր սերնդի՝ iPhone 5 սմարթֆոնը, որն առանձնանում է աշխարհի խոշորագույն սոցցանցի ինտեգրմամբ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
iPhone 5-ի ներկայացման ժամանակ սոցցանցի բաժնետոմսերի գինը հասել է 21,16 դոլարի: Օրվա ավարտին արժեթղթերի գինը կանգ է առել 20,93 դոլարի նշագծին, ինչը 7,73 տոկոսով ավելի է նախորդ օրվա համեմատ:
Հիշեցնենք, որ երեկ Apple-ը ներկայացրել է չորրորդ սերնդի ցանցերում աշխատանքի հնարավորությամբ նախորդից ավելի լայն էկրանով iPhone 5-ը: Սարքը կաշխատի ֆիրմային iOS 6 օպերացիոն համակարգով, որում ինտեգրված է սոցցանցը: iOS 6-ի վերջնական տարբերակը կթողարկվի սեպտեմբերի 9-ին: Օպերացիոն համակարգը համատեղելի կլինի iPhone 4, 4S և 3GS, 2-րդ և 3-րդ սերնդի iPad պլանշետների, ինչպես նաև 4-րդ սերնդի iPod touch նվագարկիչների հետ:
Նոր iPhone-ը հեշտացրել է աշխատանքը սոցցանցի ծառայությունների հետ: Siri ձայնային օգնականի շնորհիվ հնարավոր է ձայնային հրամանով փոխել կարգավիճակը կամ լուսանկար հրապարակել:









































