Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Ակինոն պաշտոնապես հաստատել է Հարավ-չինական ծովը Արևմտաֆիլիպինյան ծովի անվանափոխման մասին որոշումը: Սեպտեմբերի 5-ին ստորագրված №29 վարչական հրամանը այսօր ուժի մեջ է մտել Ազգային քարտեզագրության և ռեսուրսների տեղեկատվության դեպարտամենտում: Այս մասին հաղորդում է RBK-ն` հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Այժմ Ֆիլիպիններում պետք է ստեղծվեն քարտեզներ`նոր փոփոխությամբ: Կառավարությունում նշել են, որ անվանափոխությունը կատարվել է Ֆիլիպինների ինքնիշխանության և իրավասությանը համապատասխան. ծովի ջրատարածքի մեծ մասը ներառված է երկրի տնտեսական գոտում:
Ֆիլիպինների նախագահը հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում է Չինաստանի նախագահ Հու Ցզինտաոյի հետ հանդիպմանը, որի հետ Ակինոյին չի հաջողվել հանդիպել Վլադիվոստոկում անցկացված Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում:
Ֆիլիպինների առաջնորդը վստահություն է հայտնել, որ Մանիլան և Պեկինը կկարողանան շարունակել բանակցությունները և հասնել համաձայնության: Նրա կարծիքով` ծովի անվանափոխության վերաբերյալ Մանիլայի առաջարկած տարբերակը օպտիմալ է:
Հարավ-չինական ծովով անցնում են կարևոր տրանսպորտային ուղիներ, իսկ ընդերքը հարուստ է նավթի պաշարներով: Մանիլան և Պեկինը վիճում են այդ ծովում գտնվող մի քանի կղզիների տարածքային պատկանելության հարցի շուրջ:









































