Հայաստանից միգրանտների միջին տարեկան արտահոսքը վերջին 10 տարում 20-25 հազար է: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը՝ պատասխանելով ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանի հարցադրմանը, ով կառավարությունից խնդրեց հստակ թվեր հրապարակել, թե քանի՞ մարդ է արտագաղթում Հայաստանից:
Եսայանի կարծիքով` ժամանակն է, որ իշխանությունները վիճակագրական տվյալներ ներկայացնեն, որպեսզի զերծ մնան թեմայի շուրջ ընդդիմության ներկայացուցիչների շահարկումներից:
Սակայն Ա. Գևորգյանն ասաց, որ մեթոդաբանական խնդիրներով պայմանավորված՝ առայժմ հստակ թվեր հայտարարել հնարավոր չէ: Միակ տեղեկատվական աղբյուրը օդանավակայանից և Բավրայի ու Բագրատաշենի մաքսային կետերից ստացվող տեղեկություններն են, սակայն մեթոդապես դժվար է գնահատել, թե այդ հոսքերից որ մասն են կազմում միգրանտները: Փոխվարչապետն ասաց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն առաջիկայում ավելի հիմնավորված թվեր կհրապարակի:









































