Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Լուկաշևիչի հայտարարությունը որակել է որպես Վրաստանի ներքին գործերին միջամտություն: Այդ հայտարարությունում Լուկաշևիչը քննադատել էր Վրաստանում կայանալիք ընտրությունների հետ կապված Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտի արած հայտարարությունը:
Կալանդաձեի խոսքերով՝ այդօրինակ քննադատական հայտարարությունները հանդիսանում են Վրաստանի ներքին քաղաքականությանը միջամտելու և երկրի ճակատագրի լուծմանն ակտիվորեն մասնակցելու փորձ. «Ռուսաստանն այլ սպասելիքներ չպետք է ունենա Վրաստանի եվրոպական ու ամերիկյան գործընկերներից, քանի որ բոլոր քաղաքակիրթ ներկայացուցիչները խոստովանում են, որ անթույլատրելի է մեկ այլ երկրի ներքին գործերին ակտիվորեն միջամտելը: Իսկ Ռուսաստանն ունի այդպիսի ցանկություն»:
Հիշեցնենք, որ Կառլ Բիլդտը սեպտեմբերի 5-ին զարմանք էր հայտնել վրացական ընդդիմության մի մասի (Բիձինա Իվանիշվիլի) այն տրամադրվածությունից, թե Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները լուծվելու են ոչ թե ընտրատեղամասերում, այլ՝ ընտրություններից հետո՝ փողոցներում: Բիլդտը վրացական բոլոր քաղաքական կուսակցություններին կոչ էր արել ճանաչել ընտրությունների արդյունքները:









































