Հնդկաստանի ավիատիեզերական արագ զարգացումն իր արտացոլումն է գտել Բեռլինում ընթացող ILA-2012 Միջազգային ավիասրահի հնդկական ցուցադրությունում. այն ընթացիկ տարում բեռլինյան ցուցահանդեսում Նյու Դելիից երբևէ ներկայացված ամենամեծ ցուցադրությունն է:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, առնվազն 18 հնդկական մասնավոր ընկերություններ իրենց հնարավորություններն են ցուցադրել՝ առաջարկելով ինժեներական աջակցության և նախագծման ծառայություններից մինչև գերճշգրիտ աերոտիեզերական բաղադրիչների արտադրություն:
Հնդիկ մասնակիցների համար գլխավորը գործընկերական հարաբերությունների զարգացումն է, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը և տեխնիկական համագործակցության մասին պայմանագրերի ձեռքբերումը: Ընդ որում` ցուցահանդեսին նրանք մասնակցում են երկրի պաշտպանության նախարարության պատվիրակության հետ:
Ինչպես հայտնի է, արտասահմանյան ռազմական տեխնիկա գնելիս Հնդկաստանն առաջնորդվում է «գնիր և արտադրիր» սկզբունքով, որը նախատեսում է առնվազն 30 տոկոսանոց օֆսեթային ծրագրեր ավելի քան 3 մլրդ ռուփի (54 մլն դոլար) արժողությամբ բոլոր կնքված պայմանագրերի շրջանակում: Այդ միջոցները վերաներդրվում են ազգային աերոտիեզերական արդյունաբերության մեջ:
Ինչ վերաբերում է հնդկա-գերմանական կապերին, ցուցահանդեսի հյուրընկալ երկիրը Եվրոպայում Հնդկաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է: Երկկողմ առևտրի տարեկան ծավալը 2011թ. կազմել է 18 մլրդ եվրո (23 մլն դոլար):







































