«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման ընթացքում արձանագրված խախտումների դեպքերով հարուցված քրեական գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 314-րդ հոդված) ձերբակալվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԳԿ ՊԿ-ի Դիլիջանի սպասարկման գրասենյակի ղեկավար Է. Առաքելյանը:
Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Է. Առաքելյանը 1999թ. սեպտեմբերի 29-ից մինչև 2010թ. հունվարի 19-ը ղեկավարել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սևանի ստորաբաժանումը:
Ըստ նախաքննության տվյալների` նա, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2007-2009թթ. «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման ընթացքում, պաշտոնեական փաստաթղթերում, այն է` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման միասնական մատյաններում ու վկայականներում կեղծիքներ, ակնհայտ կեղծ տեղեկություններ, հետին ամսաթվով գրառումներ կատարելու միջոցով, մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ապօրինի գրանցել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողատարածքների նկատմամբ վարձակալության կամ կառուցապատման իրավունքներ, տրամադրել իրավունքի պետական գրանցման վկայականներ:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ 2012թ. հունիսի 22-ին հարուցվել էր քրեական գործը, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության` ՀԿԳ վարչությանը:
Նախաքննությունը շարունակվում է:







































