«Ալ-Քաիդա»-ի և ծայրահեղ հայացքներով այլ կազմակերպությունների զինյալներին օգտագործելը Սիրիայում շատ վտանգավոր է: Այս մասին Վլադիվոստոկում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի նախօրեին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Դա շատ վտանգավոր և անհեռատես քաղաքականություն է: Այդ դեպքում պետք է վերցնել և հենց հիմա բացել Գուանտանամոյի բոլոր դարպասները և այնտեղից բոլոր բանտարկյալներին բաց թողնել Սիրիա. թո՛ղ կռվեն: Իրականում դա նույն բանն է»,- ասել է նա:
ՌԴ նախագահը հիշեցրել է` այդ դեպքում չպետք է մոռանալ, որ հետո «այդ քաղաքացիները կհարվածեն իրենց բարերարներին, որ նրանց համար կստեղծվի մեկ այլ բանտ, ինչպիսին որ ստեղծվել է Կուբայի կողքին»: Իսկ դա, նրա խոսքերով, կարող է հանգեցնել շատ ծանր հետևանքների:
Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում վերանայել իր դիրքորոշումը Սիրիայի հարցում:
«Մեր կարծիքով` այսօր ամենակարևորն այն է, որ դադարեցվի բռնությունը, ստիպել, որ հակամարտության բոլոր կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ, որոշել ներքաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների համար անվտանգություն ապահովող ապագա և միայն դրանից հետո անցնել գործնական քայլերի՝ կապված երկրի ներքին կարգի հետ»,- ասել է Պուտինը:







































