Օդային 2 միջանցքներից մեկի՝ «Արմավիա» ավիաընկերության Երևան-Հալեպ-Երևան ուղղությամբ չվերթների դադարեցումից հետո էլ Սիրիայում բնակվող մեր հայրենակիցները շարունակում են հեռանալ երկրից: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, սիրիահայերը ցամաքային ճանապարհով են գալիս Հայաստան: Ուղին անցնում է Լիբանանով, որտեղից լաստանավով հասնում են Թուրքիա, այնտեղից էլ` Հայաստան:
Հիշեցնենք, որ այժմ միայն «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունն է չվերթներ իրականացնում Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ: Հալեպի և Դամասկոսի օդային տարածքում բոլոր օդանավերը ոչնչացնելու վերաբերյալ սիրիական Ազատ բանակի առաջնորդների սպառնալիքների պատճառով «Արմավիա» ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է չվերթները՝ ելնելով ուղևորների անվտանգությունից:
Հավելենք, որ ՀՀ ԱԳՆ-ին դեռևս չի հաջողվել պարզել, թե որքանով են հավաստի գրոհայինների հնչեցրած սպառնալիքները, որոնք ուրբաթ օրը հրապարակել էր «Աշ-Շարկ ալ-Աուսատ» թերթը:









































