Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն չի հաստատել «Մագնիտսկու ցուցակի» մեջ մտնող անձանց համար այցագրային սահմանափակումներ մտցնելու մասին տեղեկությունը: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի փոխարտգործնախարար Վլադիմիր Տիտովին:
«Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից հավաստիացումներ են ստացվել, որ ոչ մի քաղաքական որոշում այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակի» հարցով չի կայացվել, և դրա հետ կապված Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ այցագրային սահմանափակումներ չեն մտցվել»,- ասել է Տիտովը՝ հավելելով, որ խոսքը սեպտեմբերի 2-ին The Sunday Times թերթի հրապարակած տեղեկության մասին է:
Պարբերականի տվյալներով՝ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը Մոսկվայում թագավորության դեսպանատուն է ուղարկել 60 անունից բաղկացած ցուցակ: Դրա մեջ ներառված Ռուսաստանի քաղաքացիները, բրիտանական կողմի կարծիքով, մասնակից են իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվանը:
Թե կոնկրետ երբ է այդ ցուցակն ուղարկվել դեսպանատուն՝ հրապարակման մեջ չէր նշվում: Սակայն թերթը մեջբերում էր Բրիտանիայի ներգաղթի նախարար Դեմիեն Գրինի խոսքերը, որոնց համաձայն՝ փաստաթուղթը պետք է հաշվի առնվի դեսպանատան կողմից՝ դրանում ներառված անձանց այցագիր տալիս:
Ավելի վաղ 60 հոգուց բաղկացած «Մագնիտսկու ցուցակը» քննարկման էր դրվել ԱՄՆ Սենատում և Ներկայացուցիչների պլատում:
«Մագնիտսկու ցուցակի» բրիտանական տարբերակի մասին առաջին անգամ տեղեկություն հրապարակվեց 2011 թ. աշնանը, սակայն պաշտոնապես դրա գոյությունը չի հաստատվել:









































