Ամերիկյան «Bleacher Report» պարբերականը կազմել է 50 ամենահետաքրքիր սպորտային կոլաժների ցուցակը: Առաջին տեղերը զբաղեցնում է Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ամերիկուհի Մակկայլա Մարոունիի կոլաժային նկարները: Մարմնամարզուհու` պատվավոր հարթակին կանգնած մեկ լուսանկարի հիման վրա արվել են մի շարք կոլաժ-կատակներ: Դրանց համար հիմք է ծառայել մարմնամարզուհու դեմքի արտահայտությունը մեդալը ստանալու ժամանակ:
Ըստ «Bleacher Report»-ի՝ հինգերորդ հորիզոնականը զբաղեցնող կոլաժում «Մակկայլա Մարոունին տպավորված չէ ձիով զբոսնող շանից», չորրոդում` «Մակկայլան դժգոհ է Ուիլտ Չեմբերլենի խաղերից մեկից», երրորդում` «Մակկայլան կրկին դժգոհ է 1980 թ. ԱՄՆ հոկեյի հավաքականից»: Երկրորդ հորիզոնականում է «Մակկայլան դժգոհ է Հիսուս Քրիստոսից», իսկ առաջինում` «Մակկայլան տպավորված է Բրայան Սկալաբրինի խաղով»:
Սկալաբրինին ինքն էլ մի քանի կոլաժների հերոս է, որոնք հայտնվել են «Bleacher Report»-ի ցուցակում: Այդ ցուցակում են հայտնվել նաև այնպիսի կոլաժներ, ինչպիսիք են, օրինակ, Կոբի Բրայանթի կոլաժային լուսանկարները, Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդի կատակ-կոլաժները, որի լուսանկարներն արվել են Լոնդոն 2012-ի բացման ժամանակ և ներքևում ունեն հետևյալ գրառումը` «Նայեցե՛ք՝ այս բոլոր երկրները, երբևէ, պատկանել են ինձ»:







































