Նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ, այս տարվա հունվարին պետական բյուջեի եկամուտներն աճել են 11.6%-ով կամ շուրջ 6 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների 12.9% (6.1 մլրդ դրամ) աճով: Այս մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության այսօր տարածած մամլո հաղորդագրությունում:
Պետական բյուջեի եկամուտների 92.9%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 7.1%-ը` այլ եկամուտների հաշվին: Հարկերի և տուրքերի 49.6%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է 22.1 մլրդ դրամ և 0.9%-ով կամ 197.6 մլն դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից 11.8 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 10.3 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից:
Պետական բյուջեի հունվար ամսվա հարկային եկամուտների ու պետական տուրքերի 10%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով 4.5 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 1.4 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 3 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ակցիզային հարկի մուտքերն աճել են 25.8% ով կամ 913.2 մլն դրամով, ինչը պայմանավորված է հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված ակցիզային հարկի 3.3 անգամ աճով:
Ներմուծման գծով ստացված մուտքերը նույն ժամանակահատվածում գրանցել են 46.1% անկում:
2011 թվականի հունվարին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 12% ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով 5.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շահութահարկի մուտքերն աճել են 19.2%-ով կամ 863.5 մլն դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 5.2 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 11.6%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, եկամտահարկի մուտքերն աճել են 16.4%-ով կամ 727.3 մլն դրամով:
Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 1.6 մլն դրամ` 22.4%-ով զիջելով 2010 թվականի համապատասխան ցուցանիշը:
2011 թվականի հունվար ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 1.4 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով եռամսյակային ծրագրի 32.7%-ը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նշված մուտքերն աճել են 54.5%-ով կամ 499.4 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար գանձվող տուրքերի աճով:









































