«Առաջին լրատվականի» զրուցակիցն է արվեստի քննադատ, հրապարակախոս Վարդան Ջալոյանը:
– Գյումրիի գարեջրի գործարանի պատին Սամվել Բալասանյանը հավերժացրել է սեփական պատկերը: Դեպքը տեղի է ունեցել 6-7 տարի առաջ: Բալասանյանը հանձնարարել է քանդակագործ Զավեն Կոշտոյանին, նա էլ գործարանի պատին քանդակել էր մի մարդաբոյ բարձրաքանդակ` գործարանի հին տերերից մեկի` Ծաղիկյանի հետ թև թևի տված գարեջուր ըմպելիս: Գյումրիի նախկին քաղաքապետն էլ հետ չմնալով իր ախոյանից` սեփական արձաններն է պատրաստվում տեղադրել քաղաքում: Սա ինչի՞ դրսևորում է` անհատի պաշտամունքի՞ ու դրանից բխող տգիտությունների ամրագրո՞ւմ քաղաքների պատերին:
– Երբ մարդն իր քանդակը քաղաքի պատերին փորագրել է տալիս, սա ավելի ուշ անձի ինքնասիրահարվածության դրսևորում է, ինչը, իհարկե, լավ հատկանիշներով չի բնութագրում Սամվել Բալասանյանին: Չեմ կարծում, թե սա անհատի պաշտամունք է: Իսկ Վարդան Ղուկասյանի դեպքում, այո՛, անհատի պաշտամունքի դրսևորում է, որովհետև այս դեպքում խոսքը ոչ թե մասնավոր սեփականատիրոջ, այլ քաղաքական գործչի մասին է: Ընդհանրապես, Երևանում էլ հարյուրավոր տախտակներ կան` փակցված քաղաքի պատերին: Եվ այդ հարյուր տախտակներին ամրագրված անուններից տասին հազիվ թե ճանաչեք` ինչ քաղաքական կամ մշակութային գործիչ է: Եվ հազիվ թե սա հայկական մահվան մշակույթի նկատմամբ ունեցած թուլության դրսևորում է: Իրականում սա շատ արատավոր երևույթ է, որի արմատները գալիս են դեռևս խորհրդային ժամանակներից:
– Իսկ գուցե, այնուամենայնիվ, երևույթը այնքան էլ խորհրդային վերապրուկի հետևանք չէ, որովհետև սովետի ժամանակ դրվում էին այդ կարգերին իրենց առանձնահատուկ նպաստը բերած խոյաքանդակները:
– Եթե շրջանի քարտուղարի քանդակն է դրվում, ապա դա բոլորովին էլ չի վկայում, թե նա կուսակցական կարևորագույն գործիչ էր: Բոլորը հասկանում են, որ այս ամենը կատարվում է ծանոթի միջոցով: Բայց երևույթը, որ դու գնում ես քաղաքով և տարբեր տեսակի բարձրաքանդակներ ես տեսնում, պարզ է, որ կգտնվի մի շերտ, որը նույնպես կցանկանա ինքն իրեն տեսնել քաղաքի փողոցներում: Ի վերջո, այս բոլոր հարցերը կարգավորման կարիք ունեն, և այս ավելորդությունները պատիվ չեն բերում ո՛չ Երևան քաղաքին, ո՛չ Գյումրիին:
– Ու՞մ միջոցով պետք է կարգավորվեն: Ո՞վ պետք է արգելեր, որ Սամվել Բալասանյանը չքանդակվեր գործարանի պատին:
– Գոյություն ունի քաղաքապետարան, որտեղ գործում են համապատասխան վարչություններ: Ընդհանրապես, մոնումենտալիզմի նկատմամբ այս անհասկանալի թուլությունը` իր ողջ անճաշակությամբ և անհամեստությամբ, հերթական ոտնձգությունն է քաղաքային մշակույթի նկատմամբ: Խնդիրը պետք է դիտարկել կոմպլեքսի մեջ:
– Ձեր նշած կոմպլեքսի մեջ չի՞ մտնում այն բաղադրիչը, որ կանցնեն տարիներ, և քաղաքի բնակիչները կկարծեն, թե Սամվել Բալասանյանը, իրոք, մի երևելի անձ էր, ով իր արժանի տեղն է գրավել` հայտնվելով քաղաքի գործարանի պատին: Ի վերջո, սերունդներին այս թյուրիմացությունից փրկելու համար չեն կարող, չէ՞, գործարանի պատը քանդել: Այսինքն` դարձյալ լղոզվում է հերոսի և հակահերոսի սահմանը:
– Ապագա սերունդները պարզապես կծիծաղեն այդ մարդկանց ունայնության վրա, որոնք ոչ քաղաքի, ոչ երկրի պատմության մեջ որևէ հետք չթողնելով` իրենց քանդակներն են տեղադրել: Մարդիկ, ի վերջո, բանականություն ունեն:
– Վարդանանց ու Վասականց պատմությունից դարեր են անցել, և միայն վերջերս են կասկածի տակ դրվել, թե արդյո՞ք Վասակն էր հակահերոսն ու Վարդանը` հերոսը: Ի՞նչ երաշխիքներ ունենք, որ մեկ դար հետո ճշմարտությունը, այնուամենայնիվ, հասու կլինի սերունդներին: Թե՞ կարող ենք ապավինել ներկայիս ու գալիք տեղեկատվական միջոցների հնարավորություններին:
– Քաղաքական կարգերից է կախված` եթե մեկ դար հետո Հայաստանում լինի ստալինյան բռնապետություն, իհարկե, պատմությունը կաղավաղվի և հասկանալի չի լինի, թե ով ով է եղել մեր ժամանակներում: Իսկ եթե լինի բաց, ժողովրդավարական հասարակություն, ապա, իհարկե, ճշմարտությունը կհաղթի:
– Օրինակ` արվեստագետ Արման Գրիգորյանն իր հարցազրույցներից մեկում առաջարկում էր քաղաքի տարբեր փողոցներում, պուրակներում կանգնեցնել «Ղարաբաղ» կոմիտեի անդամների արձանները: Այս ծրագիրը որքանո՞վ է նպատակահարմար, որպեսզի հասարակությունն ավելի պատկառանքով լցվի Ղարաբաղյան շարժման, Արցախյան գոյամարտի, անկախության նկատմամբ:
– Մենք ունենք Ղարաբաղյան պատերազմին նվիրված մի քանի հուշարձաններ: Բայց չունենք Ղարաբաղյան շարժմանը նվիրված որևէ հուշարձան, ինչը, իսկապես, շատ կարևոր իրադարձություն էր: Բայց պարտադիր չէ, որպեսզի զուտ անհատների հուշարձանը դրվի: Եվ չեմ համարում, թե Ղարաբաղյան շարժման կարևորությունն ընդգծելու համար հարկ է կանգնեցնել զուտ անհատների հուշարձանը: Ես չեմ համարում, որ Ղարաբաղյան շարժման միակ հերոսները «Ղարաբաղ» կոմիտեի տղաներն էին: Ես համարում եմ, որ այդ շարժման գլխավոր դերակատարը ժողովուրդն էր, որովհետև ինքն էր գործադուլ ու նստացույց անում, ինքն էր կրում զրկանքները: Ես կարծում եմ, որ նման հուշարձան կանգնեցնելու դեպքում պետք է լինի համահավաք թեմատիկայով որևէ բան, որպեսզի հիշվի ու կարևորվի ամեն մի մասնակից:
– Պարոն Ջալոյան, այնուամենայնիվ, եթե բանը հասել է նրան, որ երկրում ու քաղաքներում անարգել կանգնեցվում են չինովնիկների հուշակոթողները` իրենց երազած տղայի կերպարներում, ուրեմն մենք իրապես ապրում ենք անհատի պաշտամունքի ժամանակաշրջանում, և սա ներկայիս իրողության ուղիղ արտացոլումն է, և ոչ խորհրդային շրջանի վերապրուկ:
– Անհատի պաշտամունքը երկու դրսևորում ուներ` մեկը ստալինյան ժամանակաշրջանն էր, որը սարսափելի իրողություններով էր զուգորդվում, և բրեժնևյան ժամանակներում, երբ մարդիկ անեկդոտներ էին պատմում և ծիծաղում «անհատների» վրա: Եվ հիմա, երբ Վարդանիկն իր արձանն է դրել, մենք պետք է ծիծաղենք դրա վրա, ոչ թե լուրջ ընդունենք: Ուրիշ բան, որ դա աղավաղում է քաղաքի դիմագիծը:
– Բայց եթե եղավ բարի ու լուսավոր մի ժամանակ, երբ Լենինի արձանը վերցրին ու շպրտեցին, նույնկերպ մի օր Վարդանիկի խոյաքանդակը կարժանանա շպրտվելու ճակատագրին: Բայց Սամվել Բալասանյանին ջնջելը բարդ գործ է…
– Շատ վատ է, որ գործարանի պատին պատկերված են ոչ թե նրանք, ովքեր ստեղծել են Գյումրիի գարեջուրը` գործարանի հիմնադիրները, ինժեներները, տեխնոլոգները, այլ պատահական սեփականատերը: Նույն կերպ Սամվել Բալասանյանը կարող է գնալ ու ստորագրել, ասենք, Սարյանի նկարներից մեկի տակ ու ստացվի, որ նա է հեղինակը: Սա մեծ անբարոյականություն է:
– Իսկ գուցե սա մասնավոր, պատահական ու անհավանական օրինակ չէ, որովհետև Երկիր կոչվածի տակ ստորագրում են մարդիկ, ովքեր իրենց վարքաբանությամբ, բնույթով ոչ մի կապ չունեն հայրենիքի հետ և վարվում են այնպես, ինչպես ուզում են:
– «Քաղաքը մերն է» նախաձեռնություն գոյություն ունի, և սա շատ կարևոր է: Որովհետև այդ մարդիկ ուզում են վարդանիկներին ու բալասանյաններին ասել` «Ո՛չ, քաղաքը ձերը չէ, քաղաքը մերն է»: Սա ամենակարևորն է: Եվ հուշարձաններ ու քանդակներ կանգնեցնելով նրանք իրականում ուզում են ասել` «Քաղաքը մերն է, և մենք բացարձակ միապետի իրավունքով իշխում ենք քաղաքին»: Առաջին հերթին քաղաքի իրավունքի մասին է խոսքը: Եվ փաստացի, հուշարձաններն ու քանդակները մի բանի մասին են խոսում` այս պահին քաղաքը գյումրեցիները չէ:








































