«Կոալիցիոն հուշագրի գործողության մեջ դրվելով առաջիկա ընտրություններին ընդառաջ սկսվեցին քաղաքական հաշվեհարդարներ քաղաքացիական-հասարակական շարժումներին զորակցող բոլոր այն մարդկանց և քաղաքական ուժերի հանդեպ, ովքեր կարող են սպառնալ իրենց իշխանությանը և աթոռները մեջ-մեջ անելուն»,- Զարուհի Փոստանջյանի եղբոր նկատմամբ հարուցված քրեական գործին անդրադառնալով՝ կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Նրա գնահատմամբ, Փոստանջյանի եղբոր նկատմամբ թխվող քրեական գործի դատախազական ազդագրից հստակ պարզ է, որ սա հաշվեհարդար է ընդդիմության և «Ժառանգություն» կուսակցության դեմ, և Փոստանջյանի եղբայրն ուղղակի զոհ է:
Սաֆարյանը նշեց, որ իրենք ընդունելու են նետված ձեռնոցը, չեն լռելու, շարունակելու են երկրում քաղաքացիական հասարակության կայացման համար տարվող հետևողական գործունեությունը և պաշտպանությունն իրականացնելու են բոլոր հնարավոր միջոցներով:
Սաֆարյանը նշեց, որ Փոստանջյանի եղբոր նկատմամբ հարուցված քրեական գործի առնչությամբ գլխավոր դատախազության իրականացրած քայլերի տրամաբանությանը հետևելով՝ իրենք էլ կարող են վերցնել, ասենք, Wikileaks-ի բացահայտումները, տեղադրել «Ժառանգություն» կուսակցության կայքում և գրել, որ գլխավոր դատախազությունը կավատ է: