ԱՄՆ արժեթղթերի և բորսային հանձնաժողովը (Securities and Exchange Commission)բորսային միջնորդներին կպարտադրի բացահայտել առևտրական ռոբոտների բոլոր սխալները: Այս մասին գրում է The Financial Times-ը՝ վկայակոչելով հանձնաժողովի իր աղբյուրը: Բացի այդ, SEC-ը պատրաստվում է կատարելագործել բորսային ռոբոտների վերահսկման համակարգը:
Հանձնաժողովի որոշումը հետևել է վերջին մի քանի տարում բորսային ռոբոտների ամենախոշոր սխալներից մեկին: Ամերիկյան Knight Capital-ի միջնորդի առևտրական ծրագիրը խափանվել էր, ինչի արդյունքում ընկերությունը կորցրել էր 400 մլն դոլար:
Փաստացիորեն, բորսային ռոբոտը վաճառքի առնվազն 1 ժամվա ընթացքում վերացրել էր միջնորդի կապիտալի զգալի մասը: Այդ նորությունից հետո օգոստոսի 6-ին Knight Capital-ի բաժնետոմսերը նվազել են ավելի քան 20 տոկոսով:
ԱՄՆ-ի և Եվրոպայի բորսաներում գործարքների 60-70 տոկոսն իրականացվում է բորսային ռոբոտների միջոցով: Հիմնականում նրանք իրականացնում են արժեթղթերիʽ այսպես կոչված «արագ» առք ու վաճառք: Որոշումները ռոբոտները կայացնում են ինքնուրույն՝ հատուկ ալգորիթմների օգնությամբ:









































