Ճապոնիան կառաջարկի հետևել առանց միջուկային զենքի երեք սկզբունքներին` չունենալ, չարտադրել, չներկրել սեփական միջուկային զենք և ջանքեր գործադրել խաղաղության ամրապնդման համար: Այդ մասին այսօր հայտարարել է վարչապետ Յոսիհիկո Նոդան Հերոսիմայում զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ:
«Մենք չենք կարող մոռանալ միջուկային ռմբակոծման սարսափը: Մեր երկիրը հատուկ պատասխանատվություն է կրում, և այդ պատճառով մենք հաջորդ սերունդներին պետք է փոխանցենք այդ հիշողությունը: Մենք կշարունակենք հետևել առանց միջուկային զենքի երեք սկզբունքներին»,- հայտարարել է վարչապետը:
Հերոսիմայի քաղաքապետ Քադզումի Մացուին արարողության ընթացքում կարդացել է խաղաղության մասին հռչակագիր, որտեղ համաշխարհային տերություններին կոչ է արել հրաժարվել միջուկային զենքից: Քաղաքի ղեկավարը նաև Ճապոնիայի իշխանություններին է կոչ արել արմատապես վերանայել քաղաքականությունը էներգետիկայի բնագավառում` կապված «Ֆուկուսիմա-1»-ում տեղի ունեցած վթարի հետ:
Հերոսիմայի աղետի 67-ամյակին նվիրված արարողությանը մասնակցել են 70 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում` Ճապոնիայում ԱՄՆ դեսպան Ջոն Ռուսը:









































