ՄԱԿ-ի և ԱԵԼ հատուկ պատվիրակ Քոֆի Անանի ծրագիրը անհրաժեշտ միջազգային աջակցություն չի ստացել, սակայն այն Սիրիայի հակամարտության կարգավորման արդյունավետ տարբերակն է: Նման կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հինգշաբթի հայտարարել էր, որ Անանը լքելու է այդ կազմակերպության հատուկ պատվիրակի պաշտոնը: Ինչպես հայտնի է դարձել` Անանը որոշել է չերկարացնել իր մանդատը, որի ժամկետը լրանում է օգոստոսի 31-ին:
«Մենք հասկանում ենք Անանի հիասթափությունը: Անվտանգության խորհրդում վետոյի պատճառով միջազգային հանրությունը նրան անհրաժեշտ աջակցությունը չկարողացավ ցույց տալ: Սակայն նրա ծրագիրը նախկինի նման լավագույնն ենք համարում»,- ասվում է Հեյգի հայտարարության մեջ:
Դրա հետ մեկտեղ բրիտանական ԱԳՆ ղեկավարը վստահ է, որ Անանի ծրագիրը ձախողվել է այն բանի պատճառով, որ սիրիական կողմը չի կատարել իր պարտականությունները:









































