Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինը, ով հինգշաբթի կարճ աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն, մտադիր է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ հաստատել Սիրիայի խնդրում ունեցած ռուսական դիրքորոշումը, հաղորդում է Itartass-ը:
«Բանակցությունների ընթացքում բնականաբար մանրամասն կքննարկվի սիրիական խնդիրը,- ասել է նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը,- մենք սպասում ենք երկխոսությունը շարունակելու ևս մեկ հնարավորության և ուզում ենք բրիտանական կողմին հասցնել մեր պատճառաբանված, հետևողկան և պարզ դիրքորոշումը`Սիրիայի առնչությամբ»:
Պեսկովը հիշեցրել է, որ այդ հարցը արդեն քննարկվել է հունիսին Մեքսիկայում կայացած «քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ: Լրագրողների խնդրանքով նա նաև մեկնաբանել է բրիտանացի վարչապետի արտահայտությունները, ով այդ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ռուսաստանն իբր պատրաստ է ընդունել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: «Մենք դա կբացատրենք թարգմանության դժվարություններով»,- ասել է մամլո քարտուղարը:
Պեսկովի խոսքերով՝ հանդիպման ժամանակ կարծիքներ կփոխանակվեն նաև երկկողմանկի հարաբերությունների զարգացման վերաբերյալ. առաջին հերթին կքննարկվեն առևտրա-տնտեսական և ներդրումային համագործակցությանը վերաբերող հարցեր:









































