Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 31-ին ընդունել է Համաշխարհային բանկի ճանապարհային ծրագրի ղեկավար Վիքրամ Քուտարիին և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են նախարարության մամլո ծառայությունից:
Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ` ինչպես ընթացիկ, կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի, այնպես էլ նոր ծրագրի շրջանակներում և անել հնարավոր ամեն բան` այն արագ իրագործելու ուղղությամբ:
Վիքրամ Քուտարին բավարար գնահատական է տվել ընթացիկ ծրագրի իրականացմանը և ներկայացրել նոր ծրագրի վերաբերյալ Համաշխարհային բանկի առաջարկությունը:
Նախարարն իր պատրաստակամությունն է հայտնել` օժանդակելու նոր ծրագրի նախապատրաստմանն ու իրագործմանը, կարևորել հնարավոր խնդիրների արագ արձագանքումը: Նա ընդգծել է, որ պետք է հստակեցնել մոտեցումները հետագա ծրագրի շրջանակներում ճանապարհների ընտրության հարցում, նրանց անվտանգության, պատշաճ սպասարկման ուղղությամբ:
Վիքրամ Քուտարին կիսել է նախարարի մտահոգությունները և հավելել, որ առավել ուշադիր կլինեն բարձրացված հարցերի նկատմամբ:
Նախարար Գագիկ Բեգլարյանը և Վիքրամ Քուտարին կարևորել են երկկողմ հարաբարերությունները և հույս հայտնել,որ հետագա համագործակցությունը կունենա ամուր հիմքեր:









































