«Երեկ «Հրապարակի» դեմ հարուցված վերջին դատական գործն ավարտվեց թերթի հաղթանակով»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սամվել Թադևոսյանի նախագահությամբ, մերժեց «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի՝ հայտնի Մառոզի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի:
Հիշեցնենք, որ անցած տարվա ապրիլին մենք մի լուր էինք տպագրել, որտեղ մասնավորապես գրված էր, որ Մարգարիտա Խաչատրյանը, ով պարբերաբար ստուգայցեր է կատարում ՀՀ զորամասեր և աչքի է ընկնում իր կոպիտ վարքագծով, զորամասերում թերություններ, խախտումներ հայտնաբերելիս զերծ չի մնում հայհոյանքներից: Գրել էինք, որ, մեր տեղեկություններով, վերջին այցերից մեկի ժամանակ ԼՂՀ զորամասերից մեկում վիճաբանություն է եղել Մարգարիտա Խաչատրյանի և հրամանատարական կազմի միջև, և բանը հասել է նույնիսկ քաշքշոցի ու ծեծի:
Լուրն ստանալուն պես մենք զանգահարել էինք տիկնոջը, նրանից պարզաբանում ստացել և բառացի տպագրել նրա պատասխանը: Գրել էինք. «Սակայն տիկին Մարգարիտան հերքեց դա. «Տենց բան չկա, բալես, ինձ գլխի վրա են ընդունել: Ես բալա եմ տվել, ես Տանջոյի մաման եմ, ու հլը չկա տենց մարդ, որ Տանջոյի մամային ասի՝ քամին գա քեզի»:








































