Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները Պրահայում ստեղծել են ազատ Սիրիական համայնքի ասոցացիա, կիրակի օրը հաղորդել է չեխական ЧТК տեղեկատվական գործակալությունը:
Ասոցացիայի նախագահ է դարձել Անդար Շակերը, ում մայրը ծագումով չեխ է, իսկ Շակերն էլ 1986 թվականից ի վեր ապրում է Պրահայում:
«Մենք ցանկանում ենք Չեխիայում ուժեղացնել սիրիական համայքնի դիրքերը`առաջին հերթին քաղաքական առումով»,- ասել է Շակերը: Նա նշել է, որ Ասոցացիայի ներկայացուցիչները Պրահայում ստեղծել են այլընտրանք` դեռ ոչ ոքի կողմից չճանաչված Սիրիայի դեսպանատուն Չեխիայում, որը կգործի սիրիական դիվանագիտական առաքելությանը հավասար:
Շակերի խոսքերով՝ այլընտրանքային դեսպանատունը կօգնի Պրահայում նոր պաշտոնական դիվանագիտական ներկայացուցչության ստեղծմանը, երբ Դամասկոսում տապալվում է Բաշար Ասադի վարչակարգը:
Շակերը տեղեկացրել է, որ իր կողմից ղեկավարվող կազմակերպությունը մշտական կապի մեջ է Սիրիական Ազգային խորհրդի ղեկավարության հետ: Չեխիայում Ազատ սիրիական համայնքի ասոցացիայի կարևոր նպատակներից մեկը Սիրիայի բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելն է:







































