Հայազգի 23-ամյա ձյուդոիստ Արսեն Գալստյանը, ով հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերում 60 կգ քաշային կարգում դարձավ հաղթող: Եզրափակչում Գալստյանը, որն օլիմպիական չեմպիոն է դարձել առաջին անգամ, պարտության է մատնել ճապոնացի ձյուդոիստ Հիրոակի Հիրաոկային` Ռուսաստանի հավաքականին բերելով առաջին ոսկե մեդալն ընթացիկ Օլիմպիադայում:
«Ռուսական տանը» այդ առիթով անցկացված միջոցառման ժամանակ նա պատմել է իր հաղթանակի մասին, որը նվիրել է Կրիմսկի ջրհեղեղի զոհերին: Գալստյանը հայտնել է, որ իր հաջողությանը հավատացել է մինչ մրցումների մեկնարկը:
– Մտավախություն չունե՞ք, որ հաջողությունից գլխապտույտ կառաջանա:
– Իսկապես, «Ռուսական տանը» ինձ շատ լավ են դիմավորել: Նման բան իմ կյանքում առաջին անգամ է պատահում: Հաջողությունից գլխապտույտի մտավախություն չունեմ: Ապահովագրվել ես կարող եմ (ծիծաղում է):
– Շատերի համար Ձեր հաղթանակն անսպասելի էր: Անձամբ Դուք հավատո՞ւմ էիք նման հաջողությանը:
– Ես բավականին երկար եմ պատրաստվել այդ խաղերին, անցել ծանր մարզումներ, բոլոր մտքերս միայն օլիմպիական մեդալի մասին էին: Հենց այդ տրամադրվածությամբ էլ ես մոտեցա հաղթանակին: Իհարկե, հեշտ չէր: Եզրափակիչը բավականին թեթև անցավ, քան նախորդ երկու մրցումները: Առավել դժվար են եղել քառորդ եզրափակչի և կիսաեզրափակչի հանդիպումները: Ես հեշտ հաղթանակի չեմ սպասել, պատրաստվել էի հենց ծանր պայքարի:
– Հաղթանակից հետո Ձեր առաջին հարցազրույցի ժամանակ ասացիք, որ հաղթանակը նվիրում եք ընտանիքին, երկրին և Կրիմսկին…
– Իսկապես դա այդպես է: Առաջին տեղում ընտանիքն է, երկրորդում` երկիրը, իսկ Կրիմսկը… Հուսով եմ` իմ նվաճած մեդալը փոքր-ինչ ուրախացրել է մարդկանց: Ցանկանում եմ, որ ողբերգության հետևանքով տուժածները գլուխները չկախեն, իրենց մեջ ուժ գտնեն և շարունակեն ապրել:
– Ձյուդոիստները հատուկ աջակցություն զգո՞ւմ են` կապված այն բանի հետ, որ նախագահը սիրում է այդ մարզաձևը:
– Մենք հպարտ ենք, որ երկրի նախագահը զբաղվել է ձյուդոյով: Մեր թիմը բազմիցս հանդիպել է Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ: Նա մեզ միշտ վստահել է, աջակցություն ցուցաբերել, իսկ հիմա մենք պատրաստ ենք ոսկե մեդալներ նվաճել:
– Հայտնի է, որ Պուտինը պատրաստվում է Լոնդոն այցելել և դիտել ձյուդոյի մրցումները: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:
– Միայն դրական: Մենք ուրախ կլինենք տեսնել նրան արենայում: Ինչպես ասում են` Welcome:
– Մինչ խաղերը Դուք նշել էիք, որ ամենադժվար մարտը կլինի Ուզբեկստանի մարզիկի հետ, որին Դուք հաղթեցիք կիսաեզրափակչում: Հավատո՞ւմ էիք, որ այդ հաղթանակից հետո ոսկին Ձեր գրպանում է:
– Նույնիսկ մինչ կիսաեզրափակիչն էի վստահ իմ ուժերին: Նույնիսկ Ուզբեկստանի մարզիկին հաղթելուց հետո վայրկյան անգամ չեմ լիցքաթափվել, քանի որ առջևում եզրափակիչն էր, որտեղ մրցակիցը պակաս թույլ չէր:
– Համացանցում կատակում են` ասելով, որ եթե մինչ օրս ամենահայտնի ռուս հայը Միխայիլ Գալուստյանն էր, ապա հիմա կլինի Արսեն Գալստյանը: Դուք պատրա՞ստ եք նման փառքի:
– Ես անձամբ պատրաստ եմ ամեն ինչի:
– Իսկ Դուք ծանո՞թ եք Միխայիլին:
– Ոչ, միայն հեռուստացույցով:
– Արսե´ն, պատմեք, խնդրեմ, Ձեր ընտանիքի մասին: Ովքե՞ր են Ձեր ծնողները: Մե՞ծ է ընտանիքդ:
– Ունեմ հայր, մայր և 3 եղբայրներ: Ես ընտանիքի միջնեկ երեխան եմ: Մենք եղբայրներով ցանկանում էինք ֆուտբոլիստ դառնալ, սակայն ձյուդոիստներ դարձանք:
– Ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել հիմա, երբ արդեն մեդալ ունեք: Հավանաբար, ազատ ժամանակ կունենաք: Կգնա՞ք էքսկուրսիաների կամ կաջակցե՞ք Ձեր թիմին:
– Ես այստեղ կգտնվեմ մինչև ձյուդոյի մրցումների ավարտը: Այնպես ենք արել, որ կարողանանք մնալ ու աջակցել մեր թիմին: Ինչ վերաբերում է ազատ ժամանակին, ոչինչ ասել չեմ կարող: Հիմա քնել եմ ուզում, իսկ վաղն առավոտյան կարթնանամ և կգնամ աջակցելու մեր թիմի հաջորդ մարզիկին: Նրանց աջակցություն է պետք: Եթե ժամանակ լինի, զբոսնելու կգնանք:
Հարցազրույցը` Gazeta.ru-ի














































