ՀՀ քաղաքաշինության նախարար` ՕԵԿ-ական Սամվել Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր: Գումարվել է բնակբաշխման հանձնաժողովի նիստ: Զուգահեռ կատարվել է Գյումրիում կառուցվող բազմաբնակարան շենքերի 1756 բնակարաններից նախորդ վիճակահանությունների արդյունքում չբաշխված 92 բնակարանների վիճակահանությունը:
Վիճակահանության հենց սկզբում շահառուները սկսեցին բարձրաձայնել, թե հատկացված բնակարանները չեն բավականացնի, քանի, որ երկրաշարժից հետո ընտանիքի անդամների թիվն ավելացել է: Մինչ կժամաներ քաղաքաշինության նախարարը` հավաքված շահառուներից մեկը մոտեցավ փոխնախարարին` ցանկանալով ներկայացնել իր խնդիրը: «Գնա նստի տեղդ»,- եղավ փոխնախարարի պատասխանը: «24 տարի նստել եմ` հերիք եղավ, ստեղ սպասելու եմ մինչև նախարարը գա»,- հակադարձեց գյումրեցի անօթևանը: «Անգիր եք արել էդ բառերը»,- շարունակեց փոխնախարարը:
Ապա ժամանեց Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, ով լուռ հետևում էր վիճակահանության ընթացքին: Մոտ 40 րոպե դահլիճում նստելուց հետո նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Մուշ թաղամաս` հետևելու ընթացող շինաշխատանքներին: Թաղամասում Սամվել Թադևոսյանին դիմավորեցին շինկազմակերպության տեղի ներկայացուցիչները: Նախարարը շրջեց թաղամասով, եղավ նորակառույց բնակարաններից մեկում: Ապա լրագրողների հետ զրույցում նշեց, որ բնակարանամուտը նախատեսված է սեպտեմբերին:
Փայլակ Ֆահրադյան` Շիրակի մարզային թղթակից







































