Գերմանացի շրջանավարտները ավարտական միջոցառմանը երգել են նեոնացիստական Sleipnir խմբի երգը, հաղորդում է Rhein Zeitung-ը: Դեպքը տեղի է ունեցել Կիրխբերգ քաղաքում՝ Գերմանիայի արևմուտքում: Դրա մասին հայտնի է դարձել շնորհիվ այն բանի, որ աշակերտներից մեկը տեսագրությունը տեղադրել է Youtube-ում: Այս պահին տեսանյութն այնտեղից հեռացված է:
Շուրջ 30 աշակերտները կատարել են Sleipnir-ի «Կորսված երազներ» երգըʽ դպրոցական տարիների մասին: Երգի տեքստում ինքնին ոչ մի ծայրահեղականան արտահայտություն և նման ակնարկ չկա, սակայն խումբը ճանաչված է իր հենց այդ գաղափարախոսությամբ: Այդ երաժիշտների արվեստը հատկապես հայտնի է Գերմանիայի Ազգային դեմոկրատական կուսակցությունում:
Սահմանադրության պաշտպանության ծառայությունը Sleipnir-ը ճանաչել է աջ ծայրահեղական խմբավորում:
Վիդեոհոսթինգում տեսագրությունը տեղադրած աշակերտը պնդում է, որ ուսուցիչներն այդ մասին իմացել են և հավանություն են տվել, քանի որ տեքստը համապատասխանում է ավարտական երեկոյին:
Շրջանային վարչակազմում կատարվածի մասին իմացել են հուլիսի 26-ին: Նրա ներկայացուցիչ Քրիստիան Կայմերը հայտարարել է, որ իշխանությունները չեն պատրաստվում նեոնացիստական երգեր հանդուրժել դպրոցներում: Շրջանի ղեկավարությունը դպրոցից պահանջել է պարզել իրավիճակը և անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի նման բան չկրկնվի:









































