Այսօր տեղի ունեցավ «ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնի» կողմից կազմակերպված «աՊՐես» PR մրցանակաբաշխությունը։ Միջոցառման ընթացքում մրցանակներ ու շնորհակալագրեր շնորհվեցին 15 անվանակարգերում հասարակական կարծիքի ձևավորման գործում ավանդ ունեցող կազմակերպությունների:
Կենտրոնի PR հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են ոլորտի հայտնի ու փորձառու գործիչներ, առանձնացրել է 2010-2011 թթ. այն իրադարձություններն ու ակցիաները, որոնք լավագույնն են եղել PR-ի տեսակետից։ Պատահական չէ միջոցառման անցկացման օրը. այսօր՝ հուլիսի 28-ը PR-ի և PR մասնագետների միջազգային օրն է։ Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվում է երկրորդ անգամ։
Մրցանակներ շնորհվեցին Panarmenian գործակալությանը, հայկական ֆուտբոլի երկրպագուներ FAF շարժմանը, Երևանի կոնյակի գործարանին, «Կարին» երգի պարի համույթին, «Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության» խմբին, «Հայֆոն» նախաձեռնությանը և այլ կազմակերպությունների ու անհատների։