Ինչպես հայտնում է Human Rights Watch կազմակերպությունը, եգիպտական բանակը բավականին ակտիվ մասնակցություն է ունեցել ցուցարարների դեմ կիրառված բռնությունների առումով, թեպետ ձևական առումով հայտնել է իր չեզոքության մասին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian թերթը: Ըստ թերթի, խոսքը հարյուրավոր և հազարավոր դեպքերի մասին է, ընդ որում` կան հարյուրավոր մարդիկ, որոնք մինչև հիմա պահվում են անազատության մեջ:
Ըստ կազմկաերպության` լրագրողների և իրավապահների դեմ էլ բանակայինները լուրջ պատժամիջոցներ են կիրառել: Թեպետ լրագրողների մեծ մասն արդեն ազատության մեջ է, սակայն բազմաթիվ քաղաքացիներ դեռ պահվում են կալանքի տակ:
Անազատության մեջ եղածները պատմում են, որ իրենց դեմ բռնություններ են կիրառվել, իսկ կալանավորումը կատարվում էր միայն նրա համար, որ պարետային ժամի ընթացքում հայտնաբերված անձը տարօրինակ էր թվում նրանց: Իրենց դեմ հաճախ էլեկտրոշոկ էլ են օգտագործել,- նշում են տուժածները:







































