Սահմանին իրավիճակը լարված է և պայթյունավտանգ, կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միջազգային հանրությանը կոչ անելով թույլ չտալ պայթյուն: Նա խոսել է Հայաստանի սահմանին ադրբեջանական զինուժի և զինտեխնիկայի կուտակումների մասին: Նիկոլ Փաշինյանն այդ ամենով հանդերձ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի և ցանկանում է հասնել այդ հարցում համաձայնության: Միաժամանակ, Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Երևանը հավատարիմ է 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, Բրյուսելում, 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023-ի մայիսին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև 2020-ի նոյեմբերի 9-ի ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությանը:
Նիկոլ Փաշինյանի թվարկած հաջորդականությունն արժանի է ուշադրության: Փաստացի, նոյեմբերի 9-ի հայտարարությունը նա հիշատակում է վերջում: Սա զուտ պատահականությու՞ն է, հատկապես հաշվի առնելով այն, որ նա չի հիշատակում 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների մասին, որ եղել են Մոսկվայում: Թեև հնարավոր է, որ դա տեխնիկական բացթողում է, այն կանխավարկածով, որ նոյեմբերի 9-ի եռակողմի հիշատակումն արդեն իսկ նաև դրանց ներառում է: Այդ ամենով հանդերձ, առավել էական է թվում այն, որ նոյեմբերի 9-ի և մնացյալ՝ Բրյուսելի ու Պրահայի այսպես ասած պայմանավորվածությունները կարծես թե զգալիորեն տարբեր են, գոնե առերևույթ: Մեզ իհարկե հայտնի չեն դետալային մանրամասներ, սակայն առնվազն Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունը առնվազն առաջ է բերում մեկ տարբերություն՝ մոդերատորության, միջնորդության, իրավիճակի կառավարում իրականացնելու հավակնությունների տարբերությունը: Ըստ այդմ, գործնականում հնարավոր չէ հավատարիմ մնալ թե մեկ, թե մյուս ուղղությանը, որովհետև մեկը մյուսի դեմ է, առնվազն վերը նշածս հավակնության տրամաբանությամբ:
Հետևաբար, պետք է եզրակացնել, որ խոսելով սահմանին պայթյունավտանգ իրավիճակի մասին, Նիկոլ Փաշինյանը թվարկելով համաձայնությունների՝ որոշակի իրարամերժ աշխարհագրությունը, ազդակ է հղում, որ Երևանը պատրաստ է համաձայնության գալ այն ձևաչափում, որի «սեփականատերը» առավել ուժեղ կլինի իր հավակնություններն առաջ մղելու հարցում: Պայմանը պայթյուն թույլ չտա՞լն է, թե՞ հնարավոր պայթյունի համար արտաքին պատասխանատուների «տենդեր» հայտարարելը, թե ու՞մ վրա է մնալու պատասխանատվությունը: Միաժամանակ, անկասկած է իհարկե, որ պատասխանատվությունը լինելու է բոլորի վրա, բայց ամենևին ոչ առաջին հերթին Հայաստանի կառավարության պատասխանատվությունը ծածկելու համար:







































