Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը, որը նաև «Լոռվա ձոր» հայրենակցական միության անդամ է, տեղեկացրեց, որ սեպտեմբերի 11-ին Խաչվերաց տոնին ուխտագնացություն տեղի կունենա Լոռու մարզի Հաղպատ գյուղ` նվիրված Հաղպատավանքի օրվան և Սայաթ-Նովայի հիշատակին:
Կիրակի Հաղպատավանքում տեղի կունենա պատարագ, ապա՝ հանդիսավոր արարողություն վանական համալիրի շրջակայքում, ու կսկսվի հիմնականում Սայաթ-Նովայի ստեղծագործությունների կատարումներով ժողովրդական տոնախմբությունը: Այսուհետ ուխտագնացությունները կլինեն ամենամյա ու կկատարվեն Խաչվերացի օրը:
Միջոցառման նախաձեռնողներն են «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը, Լոռու մարզպետարանը, Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմը, Հաղպատի գյուղապետարանը, աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Ավանդույթի հիմքը դրվել է անցած տարի, երբ Վարդավառի օրը` հուլիսի 11-ին, կատարվեց ուխտագնացություն:







































