Ղրղզստանում մայիսի 1-ն ու 2-ը հայտարարված են ազգային սգո օրեր՝ ի հիշատակ Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության զոհերի։ Համապատասխան հրամանը հաստատել է հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։ Պետական դրոշները կիջեցվեն։ Կառավարությունն անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի զոհերի ընտանիքներին և տուժածներին օգնելու համար։
Ինչպես հայտնում է 24.kg պորտալը, հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը, ընդհանուր առմամբ կոնֆլիկտում տուժել է 154 մարդ, որից 31-ը՝ մահացել։ Բիշքեկի բուժհաստատություններ է տեղափոխվել 43 մարդ։
Զինված ընդհարումը տեղի էր ունեցել ապրիլի 29-ին։ Դրան նախորդել էր ջրաբաշխիչ կետի մոտ տեղի բնակիչների միջև ծագած վեճը։ Երկու կողմերն էլ իրենց հերթին համարում են, որ ջրաբաշխիչ կետն իրենց է պատկանում։
Երկու երկրները հավելյալ զինված ուժեր էին մոտեցրել սահմանային հատվածին, որտեղ տեղի է ունեցել փոխհրաձգությունը։ Նույն օրը երեկոյան հրադադարի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Ապրիլի 30-ին փոխհրաձգությունը վերսկսվել էր։ Տաջիկ ուժայինները կրակ էին արձակել սահմանային Կիզիլ-բել գյուղ ուղղությամբ։ Այնուհետև հաղորդվել էր, որ կողմերը որոշել են զորքերը հեռացնել սահմանագծից։
Տաջիկստանի ԶԼՄ-ները հայտնում են մոտ 90 վիրավորի և շուրջ 10 զոհի մասին, սակայն այս տեղեկության պաշտոնական հաստատում դեռևս չկա։