Երևանում պղծվել է Մահաթմա Գանդիի արձանը, ինչը մեծ աղմուկ է առաջացրել սոցցանցերում: Արձանը պղծվել է այն «պատճառաբանությամբ», թե Գանդին ժամանակին աջակցություն է հայտնել Թուրքիային և հետևաբար Երևանում չպետք է լինի նրա արձանը: Այս «բանաձևը» իհարկե տեղավորվում է Հայաստանում հայրենասիրության այն պարզունակ տրամաբանության շրջանակում, որն ունի տասնամյակների, իսկ գուցե հարյուրամյակի պատմություն: Ինչի՞ մասին է խոսքը: Հայրենասիրություն, որը հիմնված է առավելապես զգայականության ու պարզունակ բնազդի վրա, զերծ լինելով ռացիոնալ մտքի բաղադրիչից: Դա բերում է նրան, որ հայրենասիրական ակտերը դառնում են հնչեղ, սակայն ազգի և պետության ճակատագիրը դրանից ոչ միայն չի դառնում ավելի հուսալի և հեռանկարային, այլ համակվում է նորանոր խնդիրներով և սպառնալիքներով: Սա իհարկե ընդհանրական իմաստով:
Վերադառնալով կոնկրետ դեպքին, հարկ է նկատել, որ այստեղ լոկ վանդալիզմի սովորական դրսևորում չէ: Ի վերջո, խստորեն դատապարտելի է վանդալության ցանկացած ակտ, ինչպիսի թիրախ էլ այն ունենա: Ի վերջո, վանդալությունը ոչ միայն հակաքաղաքակրթականության, հակամարդկայնության, այլ նաև թուլության նշան է: Մի բան, որով օրինակ լիուլի աչքի է ընկնում մեր հակառակորդ Ադրբեջանը, այդ թվում այս օրերին զբաղված լինելով Արցախի իր օկուպացված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացնելու վայրագությամբ: Այս դեպքում, մենք թերևս գործ ունենք նաև հայ-հնդկական հարաբերության հեռանկարը «ոչնչացնելու» կամա, թե ակամա քայլի հետ: Ու՞մ է խանգարում հայ-հնդկական հարաբերության խորացումն ու զարգացումը: Այդ հարաբերության գերկարևորության մասին գրել եմ բազմիցս: Հայ-հնդկական հարաբերությունն ու գործակցությունն ունի ռազմավարական ներուժ և դրա խորացման ուղղությամբ քայլը հայկական արտաքին և անվտանգային քաղաքականության առաջնահերթություն է: Ընդ որում, բավականին տարածված է այն, որ Հնդկաստանը խնդիր ունի Պակիստանի հետ, իսկ Պակիստանն Ադրբեջանի դաշնակիցն է, հետևաբար մենք ընդհանուր շատ բան ունենք Հնդկաստանի հետ:
Հայ-հնդկական հարաբերությունն այդ հեռանկարով կամ շրջանակով չափելը ինքնին արդեն բավականին նեղմտություն է, քանի որ Հնդկաստանը ռեգիոնալ լայն շրջանակով շատ ավելի կարևոր ներուժ և հավակնություններ ունեցող պետություն է, որի հետ Հայաստանի հարաբերության կառուցումը ամենևին չպետք է պայմանավորված լինի Հնդկաստան-Պակիստան հարաբերությամբ: Ընդհանրապես, Հայաստանը երբեք որևէ երկրի հետ հարաբերություն չպետք է կառուցի մեկ այլ երկրի դեմ թեկուզ տողատակային տրամաբանությամբ: Հնդկաստանը ներկայումս աշխարհաքաղաքական քարտեզի վրա ասիական ռեգիոնի լայն ներուժ ունեցող և զարգացող կենտրոններից է, որի հետ հայկական կապերը ունեն խորքային, քաղաքակրթական շերտեր պարունակող պատմություն: Իսկ քաղաքակրթական շերտերը նոր աշխարհակարգի ձևավորման քաղաքական գործընթացի հիմքում են, ինչը հայ-հնդկական հարաբերության հեռանկարի թերևս առանցքային ռեսուրսն: Այս համատեքստում է նաև, որ հնդիկ ժողովրդի առաջնորդի արձանի հանդեպ ոտնձգությունը իր հակաքաղաքակրթական բնույթով ստանում է քաղաքական վտանգավոր համատեքստ, առաջացնելով «հավերժական» հարցը՝ ու՞մ է ձեռնտու Հնդկաստանի հետ Հայաստանի հարաբերության խորացման քաղաքակրթական հիմքի խարխլումը: Թեև, թերևս պետք է լինել վստահ, որ թե հայ, թե հնդիկ ժողովուրդները պատմականորեն ունեն իմաստնության հավաքական բավարար պաշար, քաղաքական որևէ սադրանք խայծի պես կուլ չտալու համար:










































