Հայաստանի վարչապետի և Արցախի նախագահի մասնակցությամբ օրերս Երևանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վերաբերում էր Արցախում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը: Արցախ էր այցելել նաև Հայաստանի գլխավոր դատախազը: Երևան-Ստեփանակերտ պաշտոնական շփումները շարունակվում են, ինչն ունի ոչ միայն կառավարման տրամաբանությունից բխող էական անհրաժեշտություն, այլև քաղաքական և աշխարհաքաղաքական նշանակություն, որքան էլ Հայաստանն ու Արցախը պատերազմի հետևանքով հայտնվել են աննախադեպ բարդ իրավիճակում, և փաստացի էապես կազմաքանդվել է հարաբերությունների նախկին կառուցվածքը, ճարտարապետությունը: Պետական մակարդակի շփումները պետք է շարունակվեն, և դրա անհրաժեշտությունն ուղղակի քննարկելի չէ: Միաժամանակ, այդ շփումները պետք է չկրեն լոկ արձանագրային, մեխանիկական բնույթ: Խոսքն այն մասին չէ, որ դրանք չունեն կառավարման տեսանկյունից որևէ արդյունք: Մեխանիկայի հարցը վերաբերում է դրանց քաղաքական, աշխարհաքաղաքական բովանդակությանն ու դերին: Ինքնին շփումները, անշուշտ, արդեն իսկ դեր են, նշանակություն, սակայն դրանք ունեն քաղաքական նոր բովանդակությամբ համալրվելու կարիք: Դա է պահանջում նոր իրադրությունը, նոր ստատուս-քվոն, նոր իրողությունները: Ըստ այդմ, ժամանակը ավելի ու ավելի է հրամայական դարձնում Երևան-Ստեփանակերտ քաղաքական տեքստերի ձևակերպումը և հասցեագրումը, նախ՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների, և դրանից բացի, նաև այլ ուժային կենտրոնների, որոնք կարող են լինել հայկական շահերի գործընկեր՝ իրենց շահերի և հետաքրքրությունների համատեքստում:
Ավելորդ է թերևս խոսել այն մասին, խիստ կարևոր է տնտեսական գործակցության և հաղորդակցության միջավայրի ձևավորումը և բյուրեղացումը, քանի որ նախորդը պարզապես քայքայվել է պատերազմի հետևանքով: Անհրաժեշտ է վերակառուցել տնտեսական Հայաստան-Արցախ օրգանիզմը: Այդ ամենից բացի, շատ կարևոր է թերևս մեկ այլ հանգամանք, որի մասին, համենայնդեպս, առայժմ խոսվում է բավական քիչ, թեև դրա մասին խոսելը պետք է ունենա մեկ նպատակ՝ առավելագույնս արագ վերածվել գործի, նախաձեռնել գործեր, խթանել դրանք: Խոսքը Հայաստան-Արցախ ժողովրդական, հանրային կապի մասին է: Այն ներկայումս, նոր իրողությունների, նոր ստատուս-քվոյի պայմաններում ստացել է առավել քան կենսական նշանակություն: Երևան-Ստեփանակերտ կապի ճարտարապետության մեջ պաշտոնականությունից ոչ պակաս կարևոր է հասարակական, քաղաքացիական, ժողովրդական կապը: Խոսքը այդ կապի առավելագույնս ընդգրկուն շրջանակի մասին է:
Այլ կերպ ասած, թե պարզապես շարքային քաղաքացիների Հայաստան-Արցախ փոխադարձ այցելությունների, ավելին՝ պարզապես օրգանական այցելությունների շարունակության, և նույնիսկ ինտենսիվացման մասին, և թե նաև տարբեր հանրային խողովակներով գործընկերային նախաձեռնությունների, ծրագրերի, որոնք պետք է ունենան նաև մեկ կարևոր նպատակ՝ ընդարձակել Արցախի հանրության սահմանները և Արցախ ներգրավել միջազգային տարբեր կառույցներ, մարդասիրական նախաձեռնությունների համատեքստում: Նախաձեռնություններ, որոնց տողատակային ներուժը թույլ կտա ձևավորել Արցախի հանրության և արցախյան պետականության անվտանգային յուրօրինակ շերտ, գումարվելով անմիջական պաշտպանական կարողություններից կազմավորված շերտերին: Այդ խնդիրը իրենց առաջ պետք է դնեն հայաստանյան հանրային կառույցները, ինստիտուտները, տարբեր միջավայրերը, այդ թվում՝ գործի դնելով իրենց արտաքին կապերի ներուժը: Ընդ որում, այդ խնդրում առավել քան աշխույժ պետք է իր ներուժով ներգրավվի Սփյուռքը:








































