Պատերազմից հետո Աղավնոյում անորոշությունը դեռ պահպանվում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը նշեց, որ ռուս խաղաղապահների հետ ամեն բան նորմալ է, բայց իշխանության կողմից Աղավնոյի ճակատագրի վերաբերյալ որևէ պատասխան չկա:
«Սպասում ենք, որ հայտարարություն լինի ղեկավարության կողմից, սպասողական վիճակ է: Չնայած մենք մեր առօրյայով ապրում ենք, շատ չենք նայում այդ անորոշությանը, բայց որ կողքից հայտարարություն անեն, մարդիկ ավելի համարձակ կլինեն: Իհարկե, հիմա ավելի հանգիստ է:
Իսկ խախտումներ չկան, եթե լինեն, ռուսները դրան կարձագանքեն, թույլ չեն տա, քանի դեռ անվտանգությունն իրենք են ապահովում այս պահին»,- ասաց Չավուշյանը:
Աղավնոյի բնակիչները շարունակում են մնալ համայնքում, շարունակել կյանքը: «Քանի դեռ ես իրենց ուղղություն չեմ տվել, չեմ ասել՝ գնացեք, մարդիկ վստահ չեն: Ես իմ օրինակով եմ դա ցույց տալիս: Իմ երեխեքն այնտեղ են, դպրոց են հաճախում, ուրիշ ընտանիքներ էլ կան: Ունենք 1-2 ուսուցչի խնդիր, բայց այդ հարցը լուծման պրոցեսում է: Դա մեծ երաշխիք է, որ նորմալ է: Հողն արյունով են պահում, ոչ թե հեռվից են սիրում: Ճիշտ կլիներ, որ բոլորը Աղավնոյում լինեին, մենք մեր երկիրը կպահենք»,- ասաց համայնքի ղեկավարը:
Հարցին՝ եթե հայտարարություն լինի, որ պետք է լքեք գյուղը, ի՞նչ պետք է անեն, նա նշեց, որ նախկինում այդպիսի հայտարարություններ եղել էին ոչ պաշտոնական, բայց այդ հայտարարությունները որևէ ազդեցություն չեն ունեցել. «Մենք մնալու ենք՝ ինչ գնով ուզում է լինի: Մենք մի խումբ ենք, որ չի ուզում ընդհանրապես դուրս գալ, ու դուրս չենք գալու: Այդպես ավելի ճիշտ է, որ չտեսնենք այդ ամեն ինչը: Մենք ընտրում ենք կյանքը, ապրում ենք խաղաղ, խաղաղասեր ենք, բայց եթե պետք է գան, սպանեն, թող սպանեն, կմիանանք մեր զոհված ընկերների շարքին: Եթե որոշեն ուժ կիրառել, մենք պաշտպանվելու ենք, ատամներով պահելու ենք մեր հողը: Չեմ կարծում, թե բանն այդտեղ կհասնի, բայց պետք է ամեն ինչի պատրաստ լինել:
Ի վերջո, Պուտինի նախաձեռնած հայտարարության մեջ նշվում է, որ ամեն մեկը մնում է այնտեղ, որտեղ կանգնած է, ես էլ ասում եմ՝ ես իմ տեղում կանգնած եմ: Չկա պայմանագիր, որ չեղյալ չի համարվում: Հիմա ընդունելով 1990-ականների Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրած պայմանագիրը՝ ժողովուրդը այն հաշվի չառավ, և ազատագրեցինք տարածքներ: Հիմա էլ այս հայտարարությունը Փաշինյանն է ստորագրել, բայց հայ ժողովուրդը կարող է ասել, որ հաշվի չենք առնում»:








































