ՄԻԱՎ-ով մարդու վարակման առաջին դեպքը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Հիվանդացածը եղել է քաղցած զինվոր՝ կարծում է կանադացի պրոֆեսոր, Շերբրուկի համալսարանի պրոֆեսոր Ժակ Պեպինը:
Daily Mail թերթը հրապարակել է նոր հիպոթեզ, որի համաձայն՝ զրոյական պացիենտը եղել է ֆրանսիացի, բելգիացի կամ բրիտանացի զինվոր, որը մասնակցել է գերմանական զորքերի դեմ մարտերին Կամերունում: Պեպինը ենթադրում է, որ զինվորականների ուտելիքն արագ էր վերջանում, և նրանք որոշել են ուղևորվել անտառ՝ որսալու համար կենդանիներ:
«Իմ հիպոթեզը հիմնված է այն բանի վրա, որ մի զինվոր վարակվել է որսի ժամանակ: Սպանվել է շիմպանզե, և այն կիսելիս զինվորը վիրավորվել է, ինչը հանգեցրել է վարակման»,- բացատրել է պրոֆեսորը:
Պատերազմից հետո վարակված զինվորը վերադարձել է Լեոպոլդվիլ (այժմ՝ Կինշասա-Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության մայրաքաղաք) և հավանաբար եղել ՄԻԱՎ-ի առաջին փոխանցողը: 50-ականների սկզբին հիվանդության վարակակիրներ էին արդեն մոտ 500 մարդ: Գիտնականի կարծիքով՝ ՄԻԱՎ-ի տարածման հիմնական պատճառը հիվանդանոցներում ասեղների կրկնակի օգտագործումն էր դեղամիջոցների ընդհանուր դեֆիցիտի պատճառով:
Լեոպոլդվիլից ՄԻԱՎ-ը տարածվել է ամբողջ Կոնգոյում, իսկ հետո հայտնվել արտասահմանում, երբ վիրուսով վարակվել էր երկիր այցելած Հաիթիի բնակիչը:
«Մի քանի տարիների ընթացքում վիրուսը վերաարտահանվել է ԱՄՆ, որտեղ տարածվել է գեյերի և թմրամոլների շրջանում, իսկ այնտեղից հայտնվել Արևմտյան Եվրոպայում»,- եզրափակել է պրոֆեսորը:
Նախորդ տարվա վերջին ՄԻԱՎ-ի պատվաստանյութը, որը մշակել է «Վեկտոր» գիտական կենտրոնը, դրական արդյունք է ցույց տվել:







































