ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր հայտարարությամբ կարևորում է սահմանադրական բարեփոխումների օրակարգը, որը մեր օրակարգն է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ նախագահն ունի իր սահմանադրական լիազորությունները և գործել է իրեն տրված լիազորությունների շրջանակում. «Իհարկե, երբ գնանք սահմանադրական բարեփոխումների ճանապարհով, նախագահի ինստիտուտը ևս սահմանադրական ինստիտուտ է և նրա մասնակցությունն այդ գործընթացին նույնպես խիստ կարևոր է»,-ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, որ ՍԴ անդամների վաղաժամկետ թոշակի գնալու հնարավորություն ընձեռող օրենքի ստորագրումից հետո նախկին իշխանության ներկայացուցիչները խիստ քննադատության տակ առան Արմեն Սարգսյանին, Սոս Ավետիսյանն ասաց. «Որովհետև իրենց համար ամենակարևոր հարցն այն է, որ ավտորիտարիզմի բաստիոններ մնան, որ իրենք կարողանան իրենց ազդեցությունը տարածել: Ի պատիվ ՀՀ նախագահի, նա այդ շանտաժին չի տրվել»:







































