Հայաստանում հսկայական քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում. հաջողվել է Հայաստանից արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհային տնտեսակարգը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության իրական պայմաններ ստեղծել: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում:
Նա նշեց, որ ամենօրյա ռեժիմով կրճատում են ստվերային տնտեսությունը. վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել եւ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ:
«Մեր բյուջեի եկամտային մասի լրջագույն գերակատարումներ են արձանագրվել եւ մենք մտադիր ենք 2019 թվականի բյուջեի եկամտային մասը գերակատարել շուրջ 80 միլիոն դոլարով: Այս հավելյալ գումարները կծառայեն ճանապարհների կառուցմանը, կրթական եւ առողջապահական ներդրումներին, տարածքային համաչափ զարգացմանը եւ աշխատավարձեր կբարձրացվեն: Մեր կառավարության գործունեությունը թափանցիկ է եւ հաշվետվողական եւ մեր իշխանությունը բխում է մեր ժողովրդի ազատ կամարտահայտությունից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց, որ Հայաստանն այսօր միարժեքորեն ժողովրդավարական երկիր է, խոսքի եւ հավաքների կատարյալ ազատությամբ: Ըստ նրա՝ ընտրությունների կեղծման, համակարգային կոռուպցիայի էջը Հայաստանում փակված է անշրջելիորեն, կառավարությունը միջոցներ է ձեռնարկում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ:






































