Ըստ Կառավարությա նոր կառուցվածքի՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կվերակազմավորվի բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարության՝ կրճատելով նախարարության այն լիազորությունները և գործառույթները, որոնք առնչվում են տրանսպորտի ոլորտին: Նախարարությունը կգլխավորի Հակոբ Արշակյանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա հավաստիացրեց, որ նախարարությունը կհամալրվի նոր մասնագետներով:
ՏՏ ոլորտի պետական աջակցության նախագիծը, որն այսօր քննարկվում էր ԱԺ-ում, Հ. Արշակյանի խոսքով՝ գործում է 2015-ից, լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել՝ կապված նորաստեղծ ընկերությունների և ոլորտում ներգրավված ինժեներների թվի հետ: «Ընկերություններն արտոնություններ ստանում էին 5 տարով: Քննարկում է ծավալավել այն հարցի շուրջ, որ եթե օտարերկրյա ընկերությունը ցանկանա Հայաստանում մասնաճյուղ հիմնել, այդ ընկերությանը արտոնություն կտրվի՞, նախագծով նախատեսվում է արտոնություն տալ այդ նորաստեղծ ընկերություններին՝ մինչև 2022թ.: Մտահոգություն արտահայտվեց, որ ՀՀ ՏՏ ընկերությունների համար կարող է ոչ մրցակցային դաշտ առաջանալ: Բայց նոր Հարկային օրենսգրքով այդ տարբերությունը մեղմացվում է»:
Հ. Արշակյանի հավաստմամբ՝ ՏՏ ոլորտի արտադրանքի իրացումը կատարվում է արտերկրում, ամենամեծ շուկան ամերիկյանն է, երկրորդը՝ եվրոպականը: Նրա գնահատմամբ՝ սա ՏՏ ոլորտի համար գերազանց ցուցանիշ է:
«Ցածր են աշխատավարձերը, բայց կա պետությանն օգնելու միսիոներական բաղադրիչ, մարդը հպարտություն պետք է զգա Հայաստանի համար աշխատելիս»: Պարզաբանելով իր այս միտքը՝ Հ. Արշակյանը նշեց, որ այդ խոսքերը ռոմանտիկ չեն, այլ պրագմատիկ… «Ինձ մեկ-մեկ հարցնում են՝ հիմա ի՞նչ է լինելու, լա՞վ է լինելու: Ես պատասխանում եմ՝ իսկ ուրիշ տարբերակ կա՞: Մեր մոտեցումը հետևյալն է՝ մենք այլընտրանք չունենք, գիշեր-ցերեկ պետք է քրտնաջան աշխատենք, այս պատմական շանսը օգտագործենք, չսպասենք որևէ մեկն ինչ-որ բան անի, մենք մեր ուժերով պետք է անենք, պատվի գործ է»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































