Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, փաստաբան Էլինա Մազուրին կաթվածի է հասցրել:
Իրավաբանը նշել է, որ ինքը «մեղադրանքի միակ նշանակալի վկան է»՝ կապված Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ:
«Մոտավորապես մարտից սկսած՝ ինձ վրա սկսեցին լրջորեն հարձակվել՝ ներառյալ ֆիզիկական հաշվեհարդարները, ես փորձում էի դրանք հրապարակել, սակայն դրանք լռության էին մատնում: Ինձ երեք անգամ ծեծել են՝ ստիպելով հրաժարվել ցուցմունքներից, որոնք ես տվել եմ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ հօգուտ Ջիգարխանյանի: Ինձ սպառնում են բոլոր հնարավոր միջոցներով»,- РЕН ТВ-ին պատմել է Մազուրը:
Փաստաբանի խոսքով՝ 4 օր առաջ իրեն զանգահարել են անծանոթ մարդիկ, որոնք ներկայացել են որպես իրավապահ մարմինների աշխատակիցներ: Նրանք Մազուրից պահանջել են ասել իր գտնվելու վայրը, որպեսզի ձերբակալեն նրան՝ իբր կապված քրեական գործի հարուցման հետ:
Փաստաբանը ոստիկանությունում պարզաբանել է, որ իրեն զանգահարել են IT-հեռախոսներից, և զանգահարողը ոչ մի կապ չի ունեցել իրավապահ մարմինների հետ:
Մազուրը հավելել է, որ այդ պահին սկսել է իրեն վատ զգալ: «Ես կորցրի գիտակցությունս, և շտապօգնությունը ինձ տեղափոխեց մոտակա հիվանդանոց, որտեղ ես այժմ գտնվում եմ ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով՝ կաթված»,- ասել է փաստաբանը:
Իսկ Ջիգարխանյանի մասին նա ոչինչ չի լսել հոկտեմբերից սկսած: «Այս պահին անհայտ է՝ որտեղ է գտնվում Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանը, նրա վիճակի մասին ոչինչ ասել չեմ կարող»,- եզրափակել է փաստաբանը:








































