ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն երեքշաբթի հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել են, որ Իդլիբ նահանգում սիրիական զորքերի ցանկացած գործողություն անընդունելի է։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթի գրավոր հայտարարությունում, որտեղ ամփոփվել են երկու գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։
«Փոմփեոն այսօր հեռախոսային բանակցություններ է վարել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, և երկուսն էլ համաձայնել են, որ Ասադի ռեժիմի ցանկացած ռազմական հարձակում անընդունելի և Սիրիայի հակամարտության անխոհեմ բորբոքում կլինի»,-նշել է նա։
Բացի այդ, Փոմփեոն հերթական անգամ ընդգծել է «Թուրքիայի՝ հովիվ Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու կարևորությունը», որին թուրքական իշխանություններն ահաբեկչական կազմակերպությանը հարելու մեջ են մեղադրեում։ Պետքարտուղարը և ԱԳՆ ղեկավարը «պարտավորվել են շարունակել քննարկումները՝ այդ և ընդհանուր շահերից բխող այլ հարցերին լուծում գտնելու նպատակով»։








































