Ազգային ժողովի դեկտեմբերի 3-ի նիստում քննարկման դրվեց «Շահումների և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է խաղատները (բացի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված 40 մլրդ դրամի ներդրումները գերազանցող խաղատներից) տեղափոխել Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի վարչական շրջաններ: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը դա համարեց «կազինոների» բիզնեսի խոշորացման քայլ։ Բագրատյանի խոսքով՝ բացահայտ փորձ է արվում ամեն ձևով խոշորացնել բիզնեսը, դարձնել վերահսկելի, ինչ-որ տեղ քաղաքական վերահսկողություն սահմանել:
Այս տեսանկյունից, ըստ Բագրատյանի, ինչու պետք է կազինոների տեսակետից նույնիսկ փոքր բիզնեսը մեռնի։ «Եթե, ինչպես ֆինանսների փոխնախարարն է ասում, այս բիզնեսին հատուկ վերաբերմունք ունենք, ապա ինչու ենք 40 մլրդ ներդրման դեպքում ասում՝ եկեք, Երևանում դա արեք»,- ասաց նա:
ՀԱԿ պատգամավորը կոչ արեց սկզբունքները պահպանել մինչև վերջ: Նրա խոսքով՝ կա՛մ դա բիզնես է, անկախ նրանից՝ կազինո է, ինչ է, օրենքով թույլատրված է, և այդտեղ իրենք դիտարկում են, որ չի կարող լինել սելեկցիա, կամ էլ՝ բարոյական հիմքեր են դնում. այդ դեպքում ընդհանրապես չեն անդրադառնում նման օրենսդրության փոփոխությանը:
Պատգամավորի ելույթին արձագանքեց օրենքի հեղինակ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը: Նրա համոզմամբ՝ խնդիրը շատ հստակ է: Ոլորտը, ըստ Այվազյանի, խնդիր ունի խոշորացման, ցիվիլ ճանապարհով իրականացման, ինչու չէ՝ նաև կառավարության որդեգրած քաղաքականության շրջանակներում տվյալ տարածքների համաչափ զարգացման։ «Եթե մենք թույլ ենք տվել այս բիզնեսի զարգացումը, տուրիզմի զարգացման հիմնախնդիրների հետ կապված խնդիրը, բնականաբար, հենց դրանից ելնելով՝ դրույքաչափերի մեջ էական փոփոխություն կատարեցինք՝ 800 մլն իջեցրինք և դարձրինք 150 մլն այդ տարածքների համար, որոշակի առումով՝ 120 մլն, անգամ մենք գնացինք մինչև սահմանային կետերը, որտեղ պետք է՝ իջեցրինք մինչև 80 մլն»,- նշեց պատգամավորը։ Այվազյանի համոզմամբ՝ պետք է կանխել փոքր խաղատների՝ համատարած սփռված լինելը, և այս պարագայում ունենալ փոքր, համասփռված փոքր խաղատներ, որտեղ 20 ապարատ է ամեն անկյունում կամ ամեն մի փոքրիկ տեղում շահագործվում։ «Դրանով է շահագրգռված եղել, դրանով է առաջնորդված եղել իմ օրենսդրական փոփոխություններ իրականացնելու մասին նախաձեռնությունը»,-ասաց նա։









































