Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Սուրեն Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ:
1985 թվականին ծնված Սուրեն Ս.-ին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հունիսի 23-ին, ժամը 16-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15.2 կմ հատվածին հարակից մերձակա տարածքից Սուրեն Ս.-ն, վարելով «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան և չզիջելով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհով ընթացող, Էդգար Մ.-ի վարած «HYUNDAI» մակնիշի մեքենային, մուտք է գործել ավտոճանապարհ, թույլ է տվել ՃԵԿ համապատասխան կանոնների պահանջներին հակասող գործողություններ, ինչի հետևանքով «HYUNDAI» մեքենայի վարորդը, չունենալով վթարը կանխելու տեխնիկական հնարավորություն, բախվել է «Մերսեդես Բենց»-ի առջևի մասին:
Վթարի հետևանքով «Մերսեդեսի» ուղևոր Օլեգ Մ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ բաց գանգուղեղային տրավմայի, ուղեղի ծանր աստիճանի սալջարդի, գանգի թաղի, գանգի հիմի, դիմային հատվածի ոսկորների, գոտկային ողերի բազմաբեկոր կոտրվածքների, թոքերի սալջարդի ձևով: Ստեփան Մ.-ի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս:
«HYUNDAI» մեքենայի ուղևորուհի Ս. Թ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ ազդոսկրի փակ կոտրվածք, ընկերքի վաղաժամ շերտազատում՝ Ս. Թ.-ն հղի էր, վթարի հետևանքով նա կորցրել է երեխային…
Առաջադրված մեղադրանքում Սուրեն Ս.-ն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է դատարանում ցուցմունք տալուց:
Նախաքննական ցուցմունքում, ըստ դատական ակտի, նա հայտնել է, որ 2015 թվականի հունիսի 23-ին ինքն ու ընկերները իր մեքենայով գնացել են Սևանա լիճ՝ ձուկ որսալու: Իր մեքենան տեխնիկապես սարքին է եղել, բայց ինքը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:
Սևանա լճում մնացել են մինչև ժամը 16-ը: Հետո որոշել են գնալ Երևան: Ինքը նստել է մեքենայի ղեկին, Ստեփանը՝ իր կողքին, Օլեգը՝ հետևի նստատեղին: Այնտեղ են նստել նաև իր երկու ծանոթները:
Լճից շարժվել են դեպի գլխավոր մայրուղի:
Ինքը մեքենան վարել է 10-20 կմ/ժ արագությամբ: Եվ չի հիշում, թե հետո ինչ է եղել…
Դատաքննության ժամանակ Սուրեն Ս.-ն, ըստ դատական ակտի, հայտնել է միայն, որ լճափնյա տարածքից դուրս գալուց առաջ մտածել է՝ խաչմերուկ է, նայել է միայն իր ձախ կողմը ու մտել է գլխավոր ճանապարհ:
Տուժող Հռիփսիկ Կ.-ն հայտնել է, որ դեպքի օրը ամուսնու՝ Էդգարի, ու Ս. Թ.-ի հետ Երևանից վերադառնում էին Մարտունի: Երբ հասել են Գավառ քաղաքի վարչական տարածք, իրենց առջևից ընթանում էր «Նիսան» ավտոմեքենա: Ամուսինը դուրս է եկել վազանցի; Դրանից հետո անցել են մոտ 20 մետր, ինքը նկատել է լճի կողմից մեծ արագությամբ դեպի ճանապարհ ընթացող արծաթագույն «Մերսեդես», որը առանց զիջելու դուրս է եկել երթևեկելի հատված: Իրենց մեքենան ընթացել է ևս 5-10 մետր ու բախվել է «Մերսեդեսին»:
Տուժող Օլեգը հայտնել է, որ իր որդու՝ Ստեփանի, նրա ընկերների հետ Սուրենի մեքենայով գնացել են Սևանա լիճ՝ ձկնորսության: Վերադառնալու ժամանակ ինքը նստել է մեքենայի հետևի նստատեղին, փակել է աչքերը ու քնել է, քանի որ շատ հոգնած էր: Ուշքի է եկել բժշկական կենտրոնում…
Տուժող Ս. Թ.-ն հայտնել է, որ ամուսնու ընկերոջ՝ Էդգարի, ու նրա կնոջ հետ, Էդգարի մեքենայով Երևանից վերադառնում էր Մարտունի: Ճանապարհին՝ կոնկրետ տեղը չգիտի, լսել է խուճապի ձայներ, նայել է իր դիմաց: Նկատել է իրենց մեքենային ընդառաջ եկող մի մեքենա, որին իրենք բախվել են: Ինքը հղի էր, վթարի հետևանքով կորցրել է երեխային: Դեպքի մանրամասները չի հիշում…
Քաղաքացիական հայցվոր Էդգար Մ.-ն հայտնել է, որ դեպքի օրը կնոջ ու ընկերոջ կնոջ հետ վերադառնում էր Երևանից: Վազանց է կատարել «Նիսան» մեքենային՝ վազանցի պահին իր մեքենայի արագությունը եղել է 70 կմ/ժ արագությամբ: Երբ կիսով չափ անցել է «Նիսանին», նկատել է, որ Սևանա լճի կողմից մոտ 40-45 կմ/ժ արագությամբ դեպի գլխավոր ճանապարհ ընթանում է մի «Մերսեդես»: Հասնելով հատման կետին, առանց կանգառ կատարելու, գրեթե նույն արագությամբ այդ «Մերսեդեսը» դուրս է եկել գլխավոր ճանապարհ, այդ ժամանակ «Մերսեդեսի» ու իր մեքենայի հեռավորությունը եղել է 10 մետր:
Ինքը չի կարողացել դեպի աջ ընդունել, քանի որ այնտեղով ընթանում էր «Նիսանը», իսկ «Մերսեդեսը» արդեն կիսով չափ հատել էր գլխավոր ճանապարհը: Իր մեքենան բախվել է «Մերսեդեսին»…
Ընդհանուր իրավասության դատարանը ապացուցված է գնահատել Սուրեն Ս.-ի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով, հաշվի է առել, որ անցել են վաղեմության ժամկետները, և այդ հիմքով Սուրեն Ս.-ն ազատվել է քրեական պատասխանատվությունից:
Քաղաքացիական հայցվոր Էդգար Մ.-ի ներկայացրած քաղհայցն ամբողջությամբ բավարարվել է՝ Սուրեն Ս.-ից հօգուտ հայցվորի կբռնագանձվի 5 միլիոն 33 հազար դրամ գումար, եթե դատական ակտը մտնի օրինական ուժի մեջ:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել Սուրեն Ս.-ի շահերի պաշտպանները՝ պահանջելով իրենց պաշտպանյալին ճանաչել անմեղ ու նրա նկատմամբ կայացնել արդարացման դատավճռի








































