«Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարել, որով առաջարկում է անկախ գործատուի սեփականության ձեւից եւ կազմակերպաիրավական տեսակից, նախապատվությունը տալ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի ընտանիքի անդամներին, եթե նրանց ընտանիքում աշխատող չկա:
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր խմբակցության կողմից ներկայացված Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ դժգոհ են նախագծի շուրջ կառավարության բերած պատճառաբանություններից, որոնց հետեւանքով այն լիագումար նիստերի օրակարգ չի ընդգրկվել. «Մեր եւ կառավարության տեսակետերը չեն համընկնում: Անընդունելի է կառավարության այն պնդումը, որ նոր աշխատանքային օրենսգիրքը մշակման փուլում է ու մտահոգող բոլոր հարցերն այնտեղ ամփոփված են լինելու: Դա նույնն է, երբ մարդը գնա բժշկի երիկամի խնդրով, ասեն՝ 6 ամսից համալիր ստուգման ես գալու, սպասի կգաս»:








































