Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Պաշտպանության մասին» օրենքի նոր նախագիծ։ Այսօր գործում է 2008թ նոյեմբերի 28-ին ընդունված օրենքը։ Չնայած օրենքի առկայությանը, կառավարությունը որոշել է, ոչ թե փոփոխություններ և լրացումներ կատարել գործող օրենքում, այլ բոլորովին նոր օրենք ընդունել, պատճառը թերևս փոփոխությունների մեծ ծավալն է, որն առաջարկվում է նոր օրենքի նախագծով։
Ամենահիմնականը թերևս երկրի պաշտպանության կազմակերպման ոլորտում լիազորությունների վերաբաշխումն է։ Դեռևս գործող Սահմանադրությամբ՝ երկրի պաշտպանության կազմակերպման ոլորտում ամենամեծ լիազորություններով օժտված պաշտոնատար անձը հանրապետության նախագահն է։ Գործող օրենքի 2-րդ գլուխը, հենց այդպես էլ վերնագրված է՝ «Պաշտպանության բնագավառում ՀՀ նախագահի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները»։ Այսինքն՝ պաշտպանության կազմակերպման ոլորտում առաջնությունը տրված է նախագահին, հետո միայն մյուս պետական մարմիններին։ Առաջարկվող նախագծում 2-րդ գլուխը, վերնագրված՝ «Պաշտպանության ոլորտում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց լիազորությունները»։ Նոր տարբերակի վերնագրում որևէ խոսք չկա նախագահի մասին,նախագահը մասնակից չէ պետության կառավարման գործին, այն դեպքում, երբ նոր Սահմանադրությամբ էլ նախագահը շարունակում է մնալ պետության գլուխը։
Դրա փոխարեն նոր նախագծով բավական լուրջ լիազորություններ են նախատեսված Անվտանգության խորհրդի համար։ Օրենքի նախագծում ասվում է՝ Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝1) իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում եւ վերանայում, 2) հաստատում է՝ զինված ուժերի զարգացման պլանը, այլ զորքերի զարգացման պլանը. զինված ուժերի ծավալման պլանը, զինված ուժերի զորահավաքային պլանը, զինված ուժերի կիրառման պլանը, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը։ Ազգային անվտանգության խորհրդին է փոխանցվում այնպիսի կարևոր լիազորություն, ինչպիսին է Զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների եւ դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը։ Գործող օրենքով այս լիազորությունը պատկանում է նախագահին, և, փաստորեն, մեխանիկորեն վարչապետին փոխանցվելու փոխարեն տրվում է Անվտանգության խորհրդին։ Դժվար է անգամ հասկանալ, թե Անվտանգության խորհուրդ ասելով՝ նկատի ունեն ներկայումս գործող Ազգային անվտանգության խորհուրդը, թե նոր մարմին է ձևավորվելու։ Քանի որ օրենքի նախագծում օգտագործվում է ոչ թե Ազգային անվտանգության խորհուրդ, այլ Անվտանգության խորհուրդ եզրույթը, կարելի է կարծել, որ խոսքը նոր ստեղծվելիք մարմնի մասին է, հնարավոր է բավական լայն լիազորություններով։
Որն է պատճառը, որ այս չափով կարևորվում է Անվտանգության խորհրդի նշանակությունը, արդյոք այս մարմնի դերակատարումը ուժեղացվում է մեկ կոնկրետ վերցված մարդու՝գործող նախագահ Սերժ Սարգսյանի համար, թե դա արվում է պաշտպանության ոլորտում լիազորությունների և պարտականությունների ապակենտրոնացման համար։
Մյուս կողմից օրենքը համապատասխանեցվում է արդեն ընդունված Սահմանադրությանը, ըստ որի ներկայումս նախագահին վերապահված լիազորությունների մեծ մասը փոխանցվում է ոչ թե վարչապետին, որը, ըստ նոր Սահմանադրության, ստանձնելու է Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը, այլ կառավարությանը։ Ըստ գործող «Պաշտպանության մասին» օրենքի՝ նախագահին է վերապահված այնպիսի կարևոր լիազորություն, ինչպիսին ռազմական դրություն հայտարարելը կամ զորքերն օգտագործելու մասին որոշում կայացնելը։ «Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում հայտարարում է ռազմական դրություն, որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք»,- ասվում է գործող օրենքում։ Առաջարկվող փոփոխության մեջ այս նույն դրույթը կառավարության լիազորությունների բաժնում ձևակերպված է այսպես․«Հայտարարում է ռազմական դրություն, ընդհանուր կամ մասնակի զորահավաք, որոշումներ է կայացնում զորահավաքային զորակոչ անցկացնելու, զինված ուժերի կիրառման պլանը գործողության մեջ դնելու միջոցով կամ այլ եղանակով զինված ուժերի կիրառման մասին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին առաջարկություն է ներկայացնում պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում լուծում է պատերազմ հայտարարելու հարցը»։ Ոչ թե վարչապետը, այլ հենց կառավարությունն է որոշում Հայաստանի տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության հարցը, այն դեպքում, երբ հիմա դա նախագահի անվերապահ լիազորությունն է։
Այս օրենքի այլ դրույթներ ևս ցույց են տալիս, որ օրենսդրորեն էականորեն նվազեցվում են պաշտպանության և անվտանգության ոլորտում վարչապետի լիազորությունները։ Բացառված չէ, որ դա արվում է ապագա վարչապետի կոնկրետ անձը նկատի ունենալով։ Չի բացառվում, որ ապագա վարչապետն այնքան էլ սեր ու փորձառություն չունի պաշտպանության և անվտանգության բնագավառում, և այդ պատճառով տեղի է ունենում լիազորությունների ապակենտրոնացում ՝ մի դեպքում Անվտանգության խորհրդի, մյուս կողմից՝ կառավարության վրա։ Բայց պետք է նկատի ունենալ, որ այս երկու մարմիններն էլ կոլեգիալ են, և այդ դեպքում օպերատիվ որոշումների կայացումը չափազանց դժվար է լինելու։








































