ԱՄՆ Պետդեպը ներկայում երկրի միակ գերատեսչությունն է, որի աշխատակիցները չեն ուղարկվել չվճարվող անժամկետ արձակուրդի: Գերատեսչության բյուջետային հատկացումները հաշվարկված են երկու տարվա համար՝ ի տարբերություն մյուս պետական հաստատությունների, այդ իսկ պատճառով այդ կառույցի ֆինանսավորումը չի դադարեցվել կառավարության աշխատանքի կասեցումից հետո:
Ինչպես գրում է Kommersantը՝ եթե բյուջետային ճգնաժամը շարունակվի, Պետդեպը ստիպված կլինի ծառայության մեջ թողնել դեսպանատների միայն առանցքային աշխատակիցներին, ինչպես նաև հյուպատոսական բաժանմունքը, որը ֆինանսավորվում է այցագրերի հաշվին:
Պարբերականի տվյալներով՝ կոշտ տնտեսական միջոցառումներն արդեն անդրադարձել են Մոսկվայում ամերիկյան դեսպանատան վրա: Դիվանագիտական առաքելության աշխատակիցներն աշխատում են համաձայն «Բյուջետային ֆինանսավորման բացակայության ուղեցույցի»:
Պետդեպում թերթի աղբյուրը հայտնել է, որ գումարը կբավականացնի մի քանի շաբաթ, այդ իսկ պատճառով դեսպանատան աշխատակիցների մեծ մասին արգելված է աշխատել արտաժամյա, գնել նոր սարքավորումներ և վճարել ծառայությունների համար, որոնք կապված չեն կյանքի կամ գույքի պաշտպանության հետ:








































