Հայաստանում առկա բոլոր արատավոր երևույթների միակ լուծումը քաղաքացիական գիտակցության բարձրացումն է: «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ-ի այսօր կայացած երկրորդ արտահերթ համաժողովի ժամանակ նման տեսակետ հայտնեց նույն հ/կ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը:
«Մեր կազմակերպությունը լիբերալ գաղափարախոսական ուղղվածություն ունի և իր գոյության մեկ տարվա ընթացքում հասցրել է ծավալուն աշխատանքներ իրականացնել: «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ-ն այսօր ունի գրանցված 700 անդամ: Այդ մարդիկ՝ հիմնականում երիտասարդներ, աշխատում են մեր երկրում քաղաքացիական գիտակցության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Մեր գործունեությունն ամբողջությամբ հիմնված է համաշխրհային փորձի, ժողովրդավարական արժեքների վվրա»,- ասաց նա:
Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ քաղաքացիական գիտակցության բարձրացման խնդիր կա ինչպես շարքային քաղաքացիների, այնպես էլ քաղաքական գործիչների շրջանում: «Կարևորն այն է, որ յուրաքանչյուր մարդ կարողանա վեր կանգնել անձնական և կուսակցական շահերից՝ ձգտելով դառնալ իսկական քաղաքացի»,- ասաց նա:
Ամփոփելով՝ Նարեկ Սամսոնյանը տեղեկացրեց, որ հ/կ-ի արտահերթ համաժողովի ընթացքում քննարկելու և առաջարկելու են առաջիկա երկու տարիների աշխատանքների ու ծրագերերի մեխանիզմները:






































