«Ուրախ եմ, որ «Ելք»-ը հաղթահարել է անցողիկ շեմը և խորհրդարանում կունենա իր ներկայացվածությունը։ «Ելք»-ն իր ուրույն տեղը կունենա խորհրդարանում, վստահ եմ, որ անձնուրաց կաշխատեն և իրենց խոսքի տերը կլինեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Թևան Պողոսյանը։
Պողոսյանի խոսքով՝ «Ելք»-ը ԱԺ-ում կներկայացնի Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների շահերը և գործող իշխանություններից այլընտրանքային, տարբերվող մոտեցում կունենա. «Արդյոք կցանկանայի՞, որ ունենար 54 տոկոս, միանշանակ՝ այո։ Բայց ունենք այն, ինչ ունենք, հանրությունն իր ձայնը տվել է։ Հուսով եմ, որ «Ելք»-ը հավատարիմ կմնա իր հայտարարությանը և ապագայում կդառնա մեկ կուսակցություն, որին կաջակցեն այն քաղաքական ուժերը, երիտասարդ գործիչները, որոնք կիսում են «Ելք»-ի մոտեցումները, կմիանան, ու այդպիսով «Ելք»-ը կդառնա մեծ ուժ»։
Առկա պատկերն, ըստ պատգամավորի, «քարոզարշավի, ծրագրերի ներկայացման, ադմինիստրատիվ ռեսուրսի, մի շարք հանգամանքների պատկեր է»։
«Եթե չկան բողոքներ՝ նկատի ունեմ այնպիսիք, որոնք կասկածի տակ են դնում ընտրությունների արդյունքը, ապա պետք է եղածից դաս քաղել։ Սա մեծ հնարավորություն է մյուս քաղաքական ուժերի համար, որ հասկանան՝ ինչու հանրությունը իրենց քվե տալու փոխարեն ձայն է տվել Հանրապետական կուսակցությանը»,- ասաց Թևան Պողոսյանը։
Ինչ վերաբերում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ խորհրդարան չանցնելուն, մեր զրուցակիցն ասաց. «Ակնկալելի էր. երբ հետևում էի իրենց քարոզարշավին, հասկանում էի, որ այդ մոտեցումը չի ընկալվի, և շատերը հենց Արցախյան հիմնահարցի մոտեցման պատճառով ձայն չտվեցին»։
Խորհրդարան չանցավ նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը։ Այս մասով Թևան Պողոսյանը կարծում է, որ նշանակություն է ունեցել դաշինքում տեղ գտած գործիչների՝ անցյալում ծավալած գործունեութունը. «Նոր ձևավորված ուժերի համար շատ ավելի դժվար էր շեմը հաղթահարել։ Իրենք ավելի լավ գիտեն՝ ինչ բացեր են ունեցել։ Քննադատական մոտեցումներ էին ներկայացնում, բայց այլընտրանքային մոտեցումները հստակ չէին։ Դժվարանում եմ հստակ ասել, բայց ապագայում եթե դաշինքը մնա՝ գուցե մենք տեսնենք նաև այլ խոշոր միավոր։ Ես կուզենամ, որ ընտրություններին մասնակցած դաշինքները, փլուզվելու փոխարեն, ավելի խոշոր միավորներ դառնան»։
Պատգամավորն ասում է՝ պետք է հետաքննվեն ու պատժվեն բոլոր ընտրախախտները, բայց եթե արդյունքները ընդունելի են, ապա քաղաքական ուժերը պետք է դասեր քաղեն. «Եթե նայենք, մեկ ամսվա ընթացքում շատ կուսակցությունների մասով ասում էին, որ չեն անցնելու՝ տարբեր սոցհարցումների, սոցիոլոգների շուրթերով։ Բայց հետաքրքիր է նաև այն, որ բոլոր կանխատեսումներով՝ «Հայկական վերածնունդը» պետք է անցներ, բայց չանցավ, ուստի բոլոր ուժերը պետք է սրանից դաս քաղեն»։
Լուսանկարը՝ panorama.am-ի








































