Մայիսի 26-ին կեսգիշերին Վրաստանի ոստիկանությունը սկսել է ցրել Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց ընթացող ընդդիմության հանրահավաքը: Հիշեցնենք, որ Թբիլիսիում արդեն 5-րդ օրն էր, ինչ տեղի էին ունենում ընդդիմության հանրահավաքները: Երեկ Ընդդիմությունը երթով շարժվել էր դեպի երկրի խորհրդարանի շենքի դիմացի հրապարակը, որտեղ մայիսի 26-ին պետք է կայանա զինվորական շքերթ՝ նվիրված երկրի անկախությանը: Ընդդիմությունը գրավել էր հատուկ այդ միջոցառման համար կառուցված հարթակը և հրաժարվում էր լքել այն:
Քանի որ ընդդիմության հանրահավաքների անցկացումն արտոնվել էր մինչև մայիսի 25-ի կեսգիշեր, ապա ուղիղ ժամը 24:00-ին ոստիկանության ներկայացուցիչները մոտեցել են ընդդիմության առաջնորդներին և խորհրդարանի դիմացի հրապարակն ազատելու պահանջ ներկայացրել: Այդ պահանջը չկատարելուց հետո ոստիկանությունը սկսել է ցրել հավաքվածներին:
Կիրառվել են մահակներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Ոստիկանությունը որոշ դեպքերում գործել է առանձնակի դաժանությամբ, ինչի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ: Ընդդիմության առաջնորդների գտնվելու վայրի մասին ստույգ տեղեկություններ չկան: Լրատվամիջոցները փոխանցում են, որ Նինո Բուրջանաձեն և ընդդիմության առաջնորդները շտապ հեռացել են այն միջանցքով, որը ոստիկանները թողել էին ընդդիմությանը` խորհրդարանի դիմացի հրապարակը լքելու համար:
Հնարավոր չի եղել խուսափել նաև զոհերից: Հայտնի է առնվազն մեկ զոհի մասին. ոստիկանությունը տեղեկացնում է, որ դա հատուկջոկատային է: Ըստ որոշ տեղեկությունների, ոստիկանը վրաերթի է ենթարկվել ընդդիմության առաջնորդների մեքենաների շարասյան կողմից, որոնք շտապ լքում էին հանրահավաքի վայրը: Դա երևում է հրապարակված տեսանյութի վրա, սակայն պարզ չէ, թե ում են պատկանում մեքենաները:
Հանրահավաքը ցրելուց հետո ձերբակալվել են ռուս լրագրողներ: Հետագայում պարզվել է, որ նրանցից առնվազն մեկն ազատ է արձակվել: Վրացական Internewspress լրատվական գործակալության լրագրող Մալխազ Չկադուան, որը նույնպես ձերբակալվել էր, իսկ անձը պարզելուց հետո՝ ազատ արձակվել, պատմել է, որ ոստիկանության շենքում եղել են բազմաթիվ ձերբակալվածներ: Նրանց մեծ մասը եղել վիրավոր են, և ամենուր արյան հետքեր են նկատվել:
Նինո Բուրջանաձեն ավելի ուշ հաղորդել է, որ չի կարողանում գտնել իր որդուն: «Ազգային ժողով» ընդդիմադիր կառույցի գրասենյակում այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականցնում:









































